Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ գործերով միասնական եւ կանխատեսելի դատական պրակտիկա ձեւավորելու համար:
Այս տարվա հունվարին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց ՆԳ նախարարության դեմ գործով մարզային ոստիկանության տեսուչի վճռաբեկ բողոքը, բեկանելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 7-ի որոշումը եւ օրինական ուժ տվեց ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճռին: Վճռաբեկ դատարանում վեց հատորանոց գործով զեկուցողն էր դատավոր Ա. Թովմասյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը մինչ հունվարյան որոշումը հրապարակելը, 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ եւ 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան։ Հետեւաբար, կասեցվել էր Տավուշի մարզի ոստիկանության տեսուչի գործով վարչական գործի վարույթը: ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը փաստել է, որ տվյալ դեպքում ՍԴ դիմելու առիթ է թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով կիրառման ենթակա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտ ձեւավորված հիմնավոր կասկածն առ այն, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձի եռապատիկի չափով դրամական փոխհատուցում ստանալու իրավակարգավորումն այնքանով, որքանով սահմանափակում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանադրականության տեսանկյունից խնդիր է հարուցում, որը հիմնավորվում է հետեւյալ պատճառաբանություններով.
Գործն ուշագրավ էր մի քանի առումներով:
Կարդացեք նաև
Դիմելով դատարան՝ տեսուչը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ որպես հետեւանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) 2022 թվականի փետրվարի 16-ի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը: Դատարանը ՀՀ ոստիկանությանը պարտավորեցրել է տեսուչին վերականգնել նախկին աշխատանքում, եւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ՝ Հ. Այվազյան, Ռ. Մախմուդյան) 2023 թվականի որոշմամբ ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ ՀՀ վարչական դատարանի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանվել եւ փոփոխվել է հետեւյալ կերպ. «Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը տեսուչին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել տեսուչի ներկայացուցիչ Ա. Մելիքբեկյանը, իսկ ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Ա. Առուստամյան) ներկայացրել վճռաբեկ բողոքի պատասխան:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է՝ «1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: Հետեւաբար, հաշվի առնելով, որ վերոնշյալ հիմնավորումներով ՀՀ ոստիկանության պետի հրամանը ոստիկանության աշխատակցի վերաբերող մասով ոչ իրավաչափ է եւ դրա գործողությունն այդ մասով անվավեր ճանաչելու միջոցով ենթակա է դադարեցման՝ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան հայցվորին վճարման է ենթակա միջին աշխատավարձի չափով հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2020 թվականի օգոստոսի 12-ից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ2/0266/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը եզրահանգել է, որ «անդրադառնալով օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ բողոքաբերի փաստարկին առ այն, որ դրամական փոխհատուցումը պետք է տրամադրվի չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար՝ Վերաքննիչ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ նշված իրավանորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվող աշխատավարձի հետ»:
Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ եւ 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետեւյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետեւաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում էր։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2025