Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատա՞ Երեւանը Մոսկվայի «արցունքներին»

Փետրվար 14,2025 12:00

Ինչո՞ւ է շտապում Ռուսաստանը

Ռուսաստանի պաշտոնյաները նախանձելի հետեւողականությամբ շարունակում են Հայաստանի առջեւ պայման դնել, հայտարարելով` «ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», «պետք է ընտրություն կատարեք»…

Մոսկվա-Բաքու վերջին շաբաթների բավական լարված հարաբերությունների, արդեն իսկ` հրապարակային քննադատությունների ֆոնին` Ռուսաստանի իշխանությունները հետեւողականորեն շարունակում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ անել։

Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն եւ միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երեւանին կոնկրետ ոչինչ չխոստանալով, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նկատել է ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը: «Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, եւ դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի եւ նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առեւտրի ավելացման եւ ներդրումների ավելացման տեսքով»։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը միեւնույն ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին եւ ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ինչ-որ հապճեպ փաստաթղթեր կնքվեն:

«Մենք կողմ ենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մենք դաշնակցային հարաբերություններով ենք կապված, մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում եւ «ական» չի դառնա ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին եւ դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչը պնդում է Արեւմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելուն արեւմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված եւ ամբողջությամբ չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայում ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչը, իհարկե, մենք ծայրահեղ անցանկալի ենք համարում թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի, թե՛ Հարավային Կովկասի, եւ թե՛ Ռուսաստանի համար»,- ասել է Գալուզինը։

Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականությունը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին եւ Եվրամիության հետ մերձեցման գործընթաց, «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը, ընդգծելով, որ Երեւանն ինչ-որ պահի պետք է այս հարցով որոշում կայացնի. «Որքան հասկանում եմ, մեր հայ բարեկամներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, եւ որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»:

Ի դեպ, Գալուզինը «ցավով» արձանագրել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը «սառեցված է»։ «Կոչ ենք անում կողմերին, նախ եւ առաջ մեր հայ ընկերներին, վերադառնալ այդ խմբի շրջանակներում գործունեությանը»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին եւ «ինչ-որ հապճեպ փաստաթղթեր կնքվելուն» Մոսկվան դեմ է, սակայն, չգիտես ինչու` շտապում են, որպեսզի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը վերականգնվի: Հետաքրքիր է, Մոսկվայի շտապողականությունն այս հարցում ինչո՞վ է պայմանավորված:

Օրերս արտահայտվել է նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը համարում է, որ Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», – այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երեւանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։ Իհարկե, Երեւանի ինքնիշխան որոշումն է, թե որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ-ում, նշել է ռուս դիվանագետը` հավելելով, որ կան օբյեկտիվ իրողություններ` Հայաստանը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում, հատկապես հաշվի առնելով Արեւմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Այնուհետեւ, դեսպանը դրական տոնայնությամբ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ: Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով եւ տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարեւորությունը, արձանագրել է ՌԴ դեսպանը։

Նա նշել էր, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ «Ճգնաժամը միշտ ե՛ւ խնդիր է, ե՛ւ, միեւնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները եւ խնդիրները», – նշել է դեսպանը։

Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաեւ հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների եւ արտգործնախարարների միջեւ։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:

Ի դեպ, դեսպանը տեղեկացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումների պաշտոնական հրավեր է փոխանցվել ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին միավորող կարեւոր գործոն է մեր նախնիների սխրագործությունների հիշատակի պահպանումը։ «Մեր ընդհանուր Հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու քննադատությունների եւ փորձերի համատեքստում դա առանձնահատուկ նշանակություն ունի»,- նկատել է նա։

Այնուհետեւ Կոպիրկինը շոշափել է տարածաշրջանի անվտանգության թեման, նկատելով, թե Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք կլինի ՀԱՊԿ-ին: «Այս պահին տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելու այլընտրանքային հուսալի մեխանիզմ չկա: Հուսով ենք, որ Երեւանը դա լավ է հասկանում»,- ասել է Կոպիրկինը:

ՀԱՊԿ-ին Երեւանի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների միջեւ բանակցությունների միջոցով, կարծում է Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որքան է հավանականությունը, որ Երեւանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ: «Մեր լիազորությունների մեջ է նստել ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ բանակցային սեղանի շուրջ եւ միասին, գործընկերային ձեւով, փոխզիջումային լուծումներ գտնել կուտակված բոլոր հարցերի համար: Ի դեպ, այս հարցերում նույնպես ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- նկատել է դեսպան Կոպիրկինը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանի վերոնշյալ հայտարարություններից հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ Հայաստանն ամիսներ առաջ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին, մինչեւ օրս պատասխան չի ստացել եւ այս համատեքստում չի բացառել, որ միգուցե դա կապ ունենա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրման հետ. «Տարածաշրջանում որեւէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների եւ միջամտությունների փորձերի առնվազն: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում եւ խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Մի օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում եւ կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը եւ այլն»:

Գալով ռուսական միջնորդական ջանքերին` Ալեն Սիմոնյանը նկատել է, թե անցած փորձը վատ հուշեր է թողել եւ վերջիվերջո մենք չունենք շատ հարցերի պատասխաններ: «Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված ՌԴ դիրքորոշումը, մենք Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագիր ունենք, չէ՞: Առնվազն Ռուսաստանը պետք է գործողություն իրականացներ, բայց նույնիսկ քաղաքական գնահատական չեղավ, ի պատասխան հնչեցվեց, թե ձեր սահմանը դելիմիտացված չէ: Հիմա գալ ասել՝ գիտեք ինչ, մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ, ընդունում եք չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ: Բացի այդ, նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահներն այնտեղ էին եւ պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, եւ որտե՞ղ են հիմա այդ խաղաղապահները եւ որտե՞ղ է Ղարաբաղում բնակվող հայ ժողովուրդը»,- ասել է Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի տարածք, Սիմոնյանը հակադարձել է. «Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները Ռուսաստանի նախագահն է, որը պետք է երաշխավոր հանդիսանար եւ որի զորքերը պետք է այնտեղ գտնվեին, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունից մի քանի օր հետո, ՌԴ նախագահը հայտարարեց, թե դա Ադրբեջանի տարածք է միջազգայնորեն ճանաչված եւ դրանից հետո եւս մեկ անգամ դեկտեմբերի 11-ին, ապա մեկ ամիս անց էլ կրկնեց: Դրանից հետո ՀՀ-ին դրա մեջ մեղադրելը խուսափողական գործելաոճ է: Ամբողջ աշխարհը, նույնիսկ Ռուսաստանի ներսում շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, եւ ինչպես նրանք մեզ մենակ թողեցին»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728