Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական համակարգը ժողովրդին սխալվելու հնարավորություն չի թողնում

Փետրվար 14,2025 14:00

Սահմանադրական հնարավոր փոփոխությունների կոնտեքստում կառավարման համակարգի հարցը մնացել է լուսանցքում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի նախագահի պահանջից անկախ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու թեման շարունակում է ապրել հայաստանյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում:

Դատելով իշխանական բարձրագույն էշելոններից հնչեցված հայտարարություններից, սակայն, մի բան արդեն ակնհայտ է՝ փոփոխված Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը կպահպանի 2018 թվականից ներդրված խորհրդարանական կառավարման համակարգը:

Հավատալով, որ սահմանադրական փոփոխությունների պարագայում անհրաժեշտ է քննարկել նաեւ վերադարձը կիսանախագահական համակարգին՝ այս հոդվածի միջոցով ցանկանում եմ վերակենդանացնել կառավարման համակարգերի շուրջ առողջ բանավեճերը, եւ սրա համար առաջ եմ քաշում երկու պատճառ. 1/ Անկախանալիս՝ Հայաստանը որդեգրել է կիսանախագահական համակարգը՝ անցում կատարելով խորհրդարանականին 2015-ի սահմանադրական վիճահարույց հանրաքվեի ժամանակ: 2/ Կան հիմնավորված պնդումներ, ըստ որոնց՝ խորհրդարանական կառավարումը չի արդարացրել իրեն Հայաստանում:

Խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավա՞ր

Այսպիսով՝ ի՞նչ փաստարկներ կարող են բերել խորհրդարանական կառավարման համակարգի ջատագովները:

Փաստարկ Ա. Խորհրդարանական սկզբունքներով առաջնորդվող երկրներն ավելի ժողովրդավարական են: Եվրոպական երկրների մեծամասնությունը խորհրդարանական պետություններ են, իսկ Եվրոպան համարվում է ժողովրդավարության օջախ:

Փաստարկ Բ. Խորհրդարանական համակարգը քաղաքական կայունության ավելի շոշափելի երաշխիքներ է տալիս: Այս մոդելում անհավանական է դառնում երկիշխանության առաջացումը, քանի որ կա առաջնային մանդատ կրող միայն մեկ մարմին՝ խորհրդարանը: Օրենսդիրի վստահության ներքո է գործում գործադիր իշխանությունը: Կորցնելով խորհրդարանի վստահությունը՝ գործադիրի կազմը պետք է փոփոխվի, եւ դրա իրականացման սահուն ընթացքն ապահովելու համար կան սահմանադրորեն նախատեսված կարգավորումներ։

Փաստարկ Գ. Կառավարման խորհրդարանական համակարգում նախապատվությունը տրվում է գաղափարներին, ոչ թե անձանց: Ընտրության ժամանակ քաղաքացիները որոշում են կայացնում ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի միջեւ, այլ այս կամ այն կուսակցության, ասել կուզի՝ այս կամ այն գաղափարի կամ գաղափարախոսության միջեւ:

Նախագահն ու խորհրդարանը հավասարակշռում են մեկը մյուսին

Այնուհանդերձ, ես կպնդեմ, որ կիսանախագահական համակարգը կառավարման ավելի նախընտրելի մոդել է: Կկենտրոնանամ հայաստանյան համատեքստի վրա, սակայն կարծում եմ, որ կիսանախագահականն, առհասարակ, գերադասելի է:

Հակափաստարկ Ա. Ասել, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական է, չափազանց ընդհանրական է: Նույն Եվրոպան տեսել եւ տեսնում է մի շարք ղեկավարների, որոնք պաշտոնավարել են տասը տարուց ավելի եւ չեն հրաժարվել իշխանության կենտրոնացումից: Պատմական օրինակներից են՝ Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 2022-ից ի վեր մի շարք գործիչներ եւ հեղինակավոր կազմակերպություններ պնդում են, թե Հունգարիան, 15 տարի պաշտոնավարող վարչապետ Վիկտոր Օրբանի ներքո, այլեւս ժողովրդավարություն չէ: Ասելիքս, բնավ, այն չէ, թե վերը նշված գործիչները բռնապետներ են, բայց նրանց գործելաոճն առնվազն հարցերի տեղ է բացում։

Բացի այդ, Ֆրանսիան, որի նկատմամբ, ի դեպ, մեծ ակնածանք կա ՀՀ-ում, կիսանախագահական հանրապետություն է եւ դասվում է աշխարհի առաջատար երկրների շարքին, այդ թվում՝ ժողովրդավարոթյան դիտանկյունից:

Ժողովրդավարությունը խորհրդարանական մոդելում խիստ վտանգվում է հատկապես այն դեպքերում, երբ խորհրդարանական ընտրության արդյունքում ձեւավորվում է միակուսակցական, միատարր իշխանություն: Ժողովրդավարությունը մազից է կախվում, երբ իշխող կուսակցությունն անձնավորված է: Այս իրավիճակն է այսօր Հայաստանում: Իշխող կուսակցությունն ասոցացվում է նրա հիմնադիրներից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խորհրդարանում նրա կուսակցությունն ունի անվերահսկելի իշխանություն, քանզի ընդդիմությունը գործնականում հակազդման որեւէ գործիք չունի:

Ի վերջո, ինչպե՞ս կարող է խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավարական համարվել, քան կիսանախագահականը, եթե պետության, այսպես կոչված՝ «առաջին դեմքը» կիսանախագահականի պարագայում ընտրվում է ուղիղ ժողովրդի կողմից, իսկ խորհրդարանականի դեպքում՝ անուղղակիորեն:

Հակափաստարկ Բ. Կայուն քաղաքականության մասին խորհրդարանականների պնդումները, կրկին, ընդհանրական են: Միակուսակցական մեծամասնությամբ խորհրդարանը կարող է լիարժեք կայունություն ապահովել, քանի որ մյուս ուժերի կամ ընդդիմության հետ բանակցելու եւ փոխզիջումների գնալու կարիք չի լինի: Այսպիսի խորհրդարան ունենք մենք: Արդյո՞ք դա չի վերածվում մեծամասնության բռնապետության:

Երկիշխանության մասին. չհերքելով երկիշխանության առաջացման լուրջ վտանգները պետության համար՝ առաջնային մանդատ կրող ընդամենը մեկ մարմին ունենալը սխալվելու հնարավորություն ժողովրդին չի թողնում: Եթե խորհրդարանական ընտրությունից հետո ձեւավորված կառավարությունը մինչեւ հաջորդ հերթական ընտրությունը չի արդարացնում իր նախընտրական ծրագրերը եւ հնարավոր է, որ ժողովուրդը փոշմանել է իր ընտրության համար, նա ունի երկու ելք. 1/ սպասել մինչեւ հաջորդ ընտրությունը՝ հանդուրժելով անցանկալի կառավարությանը կամ 2/ բողոքի ակցիաների միջոցով ճնշել կառավարությանը, ինչը, բնավ, ազատված չէ ապակայունացման վտանգներից:

Մինչդեռ, կիսանախագահական հանրապետությունում անց է կացվում երկու ընտրություն՝ խորհրդարանական եւ նախագահական: Եթե խորհրդարանի ընտրության արդյունքում կազմված կառավարությունը հիասթափեցրել է ժողովրդին, նրանք հնարավորություն ունեն 2-3 տարի անց կայանալիք նախագահի ընտրության ժամանակ պետության գլուխ ընտրել գործչի, որն անդամ չէ կառավարական մեծամասնությանը պատկանող կուսակցության: Այսպիսով՝ քաղաքականությունը, որոշ չափով, կհավասարակշռվի: Նախագահին խորհրդարանով զսպելը եւ հակակշռելը նույնպես հնարավոր է:

Առաջնային մանդատ կրող երկու ինստիտուտ ունենալը թույլ չի տա խորհրդարանական մեծամասնությանը եւ նրա հավանությամբ գործող գործադիր մարմնին շահարկել առաջնային մանդատ կրելու հանգամանքը, քանի որ նրանք միակը չեն լինի այդ մանդատով:

Եթե նախագահը եւ խորհրդարանը, հետեւաբար կառավարությունը, չեն ներկայացնում միեւնույն քաղաքական միավորումը, նրանք առավել կձգտեն արդարացնել իրենց խոստումներն ու ծրագրերը, որպեսզի ապացուցեն՝ ավելին են անում ժողովրդի համար, քան մյուս թեւը: Այնուամենայնիվ, Սահմանադրությունը պետք է ներառի պայթյունավտանգ երկիշխանությունից ձերբազատվելու մեխանիզմներ, որոնք կարող են լինել խորհրդարանի արձակման կամ նախագահի պաշտոնանկության տեսքով:

Եզրափակելով կայունության հետ կապված հատվածը՝ խորհրդարանական կառավարման ներքո խորհրդարանական ընտրության արդյունքում մի անգամից փոփոխվում է իշխանության օրենսդիր եւ գործադիր ամբողջ մասը, մինչդեռ կիսանախագահականի ժամանակ իշխանության կազմի փոփոխությունը տեղի է ունենում մասնակի՝ 2-3 տարին մեկ: Իշխանության փուլային փոփոխությունը քաղաքական կայունության կարեւոր գործիք է:

Հակափաստարկ Գ. Իրավամբ, խորհրդարանական համակարգը նախապատվություն է տալիս գաղափարներին, ոչ անձանց: Բայց սա վերաբերելի է միայն այն երկրներին, որտեղ կուսակցություններն անձնավորված չեն: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում իշխող աշխատավորների առաջնորդը վարչապետ Քիր Ստարմերն է: Այսօր նա է, մի քանի տարի հետո նա չի լինի: Ինստիտուցիոնալ կուսակցականության մասին է խոսում նաեւ կուսակցության ներսում գաղափարական լուրջ պայքարը:

Հայաստանում կա՞ չանձնավորված կուսակցություն։ Բացի դա, դիտարկենք Ազգային ժողովի 2021-ի ընտրությունը: Մարդկանց ընկալումն ինչպիսի՞ն էր՝ ընտրությունը մասնակցող քաղաքական ուժերի՞, նրանց գաղափարների՞ միջեւ էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի:

Ավելին, սխալ է գաղափարները մեկուսացնել մարդկանցից։ Մարդիկ են կազմում գաղափարները:

Խորհրդարանական ընտրության ժամանակ քաղաքացիները ընտրություն են կատարում տարատեսակ գաղափարներ առաջարկող ուժերի, նախագահական ընտրության ժամանակ էլ՝ կոնկրետ անձանց միջեւ, որոնք եւս պետք է որոշակի գաղափարախոսություն կրեն:

Կարեւոր նրբություն

Կառավարման համակարգեր քննարկելիս պարտադիր է հաշվի առնել մի նրբություն: Չկան լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ կառավարման համակարգեր: Կան մարդիկ եւ տեղական հանգամանքներ, որոնց հիման վրա պետք է կայացվի համակարգի ընտրությունը:

Եթե քաղաքական գործիչները սուրբ լինեին, ժողովուրդն էլ՝ կշռադատող, թե՛ խորհրդարանականը, թե՛ կիսանախագահականը հրաշալի կգործեին: Բայց ոչ քաղաքական գործիչներն են սուրբ, ոչ էլ քաղաքացիները կշռադատող, ուստի պետք է հանգել կառավարման այնպիսի համակարգի, որը կունենա փոխզսպումների եւ հակակշիռների հստակ կարգավորումներ:

Կիսանախագահականը ներառում է դրանք:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728