Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններն այս քաղաքի պատմության մեջ կլինեն բացառիկ մասնակիցների թվով․ երևի թե քաղաքի չափահաս բնակչության մեծ մասը կընդգրկվի ավագանու ցուցակում։
Տարիներ շարունակ քաղաքապետի աթոռի համար թեժ մրցապայքարի մեջ մտած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից բացի, մասնակցում են ՔՊ-ական Սարիկ Մինասյանը, ճանաչված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, «Մենք» ՀԿ-ի հիմնադիր Կարեն Սիմոնյանը, Գյումրու ավագանու նախկին ԲՀԿ-ական անդամ Արտյոմ Ղարաղազարյանը՝ այս անգամ« Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությամբ, բլոգեր Վարդան Ղուկասյանի գլխավորած ԴՕԿ կուսակցությունը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլք։
Aravot.am-ը ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել ընտրություններին, նրա անունը ևս շոշափվում է այսպես ասած քաղաքապետացուների ցանկում։
Նա նշեց, որ դեռ չի կարող պատասխանել այդ հարցին։
Կարդացեք նաև
«Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանությունների բռնաճնշումների մասին են․ ինչ արեցին իրենք․ այդ պահին իրենց ձեռք չտվող մարդկանց նկատմամբ ճնշումներ կիրառեցին, ազատազրկեցին։
Իմ կարծիքով՝ և՛ ես, և՛ բոլոր նրանք, ովքեր ունեն ազնիվ մղումներ՝ կապված մեր քաղաքի ու հայրենիքի հետ, պետք է առաջնահերթ մի կարևոր հաշվարկ կատարենք, պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ ընտրությունները հնարավորություն կտան Հայաստանում ինչ-որ բան փոխելու, այլապես մենք կդառնանք Նիկոլ Փաշինյանի խաղալիքը։
Ինքն, ունենալով ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ, վարկանիշի դեֆիցիտ, իր քաղաքական ուժի ամբողջական հեղինակազրկում, այդ ընտրությունների միջոցով փորձելու է դրսում կամ ներսում ցույց տալ, թե տեսեք ես կարողացա ազնիվ, արդար ընտրություններ անցկացնել։
Որևէ իշխանություն, երբ ընտրություններ է կազմակերպում, պիտի վայելի վստահություն, որ այն կազմակերպի , և եթե մենք ինչ-որ բան չենք կարողանալու փոխենք, չպիտի մասնակցենք, այդ մասնակցությամբ մենք կլեգիտիմացնենք այդ հանցանքները, մասնավորապես մարդկանց գլխին սարքելու, նստեցնելու, քաղաքը գլխատելու»։
Ըստ Կարապետ Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի կեղծ օրակարգով ընտրությունները չլեգիմիտացնելու համար, մասնակցելու հայտ ներկայացնող ցանկացած ուժ պիտի հաշվարկի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացման մեջ կլինեն դերասան, թե՞ ռեժիսոր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ