Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով. «Փետրվարի 11-ին Ադրբեջանի Ֆաշիստական Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է, որը կամ հիմնովին կոչնչացվի, կամ` կեղծ վերանորոգման անվան տակ կվերափոխվի՝ հայության պատմական հետքը ջնջելու նպատակով։
Եվ մեր ուսումնասիրող խումբը դրանում ավելի քան վստահ է, որովհետև դա առհասարակ թուրքական աշխարհի ձեռագիրն է. այս առումով մենք չենք մոռացել նաև Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը մզկիթի վերածելու կամ իբրև թե «թանգարան» վերաբացելու օրինակները` որպիսին տեսել ենք Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պարագայում։
Այս հերթական բարբարոսական գործողություն էլ հերթական անգամ անվիճելիորեն վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգության բնաջնջման պետականորեն ուղղորդվող քաղաքականություն։
Եվ , եթե այս ցեղասպան ու ահաբեկիչ պետությունը շարունակի իրեն «գործողությունների ազատություն» վերապահել բռնազավթված Արցախում, ապա ողբերգական կանխատեսումներ կան, որ մոտակա երկու տարում բնաջնջվելու է մի ամբողջ քաղաքակրթություն, որը համաքրիստոնեական սեփականություն է»։
Կարդացեք նաև