Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել:
Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով, հայտնաբերվեց Մալիշկա գյուղի տարածքում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` նա մեքենայով դիմեց փախուստի Երևանի ուղղությամբ:
Արենի գյուղի մոտ իրավապահները փորձեցին կանգնեցնել «ԲՄՎ»-ն: Այդ ընթացքում տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետեց մի քանի փաթեթ: Այնուհետև, չենթարկվելով մեքենան կանգնեցնելու ոստիկանների օրինական պահանջին, փորձեց շարունակել փախուստը. առաջ վարելով` նախ մեքենայով հարվածեց ոստիկանների վարած մի մեքենայի, ապա հետընթաց կատարելով` մեկ այլ մեքենայի:
Փախուստը կանխվեց. տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Վայոց ձորի մարզային վարչություն:
Այստեղ նա հայտնեց, որ փետրվարի 4-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել մի օգտատիրոջ հետ, պայմանավորվածության համաձայն` Կոտայքի մարզում, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարհի հարակից դաշտում, թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, դրանցից մոտ 10-ը փետրվարի 8-ին տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ:
Կարդացեք նաև
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպարկ` թմրանյութի 120 փաթեթով: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթ, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է արդեն տեղադրած թաքստոցներում:
32-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ