Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը կոչ ենք անում ստեղծել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով․ հայտարարություն

Փետրվար 13,2025 17:21

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ.

«Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ողջունում է Ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարի 12-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը:

Իրավամբ, սա նոր էջ է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգում:

Մեծապես գնահատում ենք այս նախաձեռնության անդամներ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետություն» կուսակցության, «Հայաստանի Եվրոպական կուսակցության», քաղաքացիական հասարակության, այդ թվում` այս Պլատֆորմի անդամների ջանքերը: Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք մասնակցեցին նախաձեռնության ստորագրահավաքին և խոսքով ու գործով զորակցեցին նախաձեռնությանը: Դուք պատմական էջ եք բացում մեր պետության ապագայի համար:

Այս կապակցությամբ կոչ ենք անում Եվրոպական Միությանը սատարել Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղհասարակության` Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ջանքերին ստեղծարար մոտեցմամբ և փորձագիտական կարողություններով:

Ի կատարումն օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում.

– ստեղծել Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով` կազմված ոլորտային պետական մարմինների առաջին դեմքերից, որի նախագահությունը կստանձնի անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը:

– կազմավորել դրան առընթեր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչներ և սեղմ ժամկետներում Եվրամիության գործընկերների հետ ձեռնամուխ լինել ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի մշակմանը:

– հնարավոր ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵՄ-ի առջև արդեն իսկ ստանձնած հանձնառությունների կատարումը:

Եվրամիություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմը իր խորհրդատվական, մշտադիտարկման և իրազեկման բարձրացման գործառույթների իրականացմամբ կաջակցի գործընթացի արդյունավետ իրականացմանը»:

ԵվրամիությունՀայաստան քաղհասարակության պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ– CEPA) 366-րդ հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728