Լրահոս
Օրվա լրահոսը

Կհստակեցվեն պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձևերը

Փետրվար 13,2025 17:04

Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, կամ մասնագետի վերապատրաստման համար աջակցություն կստանան այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորած կլինեն նախագծի հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:

Որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները կարող են կիրառել նաև 2024 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը

Կառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների  հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։ Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձանց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։ Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ։ Նշված կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն իսկ գործող և պետության համաֆինանսավորմամբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների փորձը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններն առավելապես առնչվում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության տրամադրմանը, որոնց բնականոն և արդյունավետ իրականացումը հնարավոր է 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Որոշմամբ՝ աջակցության կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։ Բացի այդ, այն կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։

Կհստակեցվեն պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերը

Կառավարությունը հաստատել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը: Որոշման ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող: Նոր ֆինանսավորման կարգերում ներառված կլինեն գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ներկայացվող ծրագրերի հայտի տեսակները և դրանց համար նախատեսվող պահանջները՝ մինչև հինգ տարվա ծրագրային ֆինանսավորման մոդելի ներդրմամբ, կազմակերպությունների ֆինանսավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները, ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և բոնուսային կամ տույժային մեխանիզմները, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները:

ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկելու ցանկությամբ, ինչպես նաև մարզերում լող մարզաձևի մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժների  սակավությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝  2024-2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը: Որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ,  մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ: Որոշման ընդունմամբ առավել շատ դպրոցահասակ երեխաներ լողալ կսովորեն և կներգրավվեն սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Նաև կապահովվի ՀՀ մարզերում լողի մարզիչների  պահանջվող թիվը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Դուստր Մարիաննա» և «Ավալանժ» ընկերությունները կօգտվեն ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Դուստր Մարիաննա» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սերուցքային կարագի, կաթնային յուղի և կաթնամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 390 աշխատատեղ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 440-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 750 մլն դրամ։

«Ավալանժ» ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կառուցել նոր ջերմատուն՝ վարդերի աճեցման համար՝ իրականացնելով 40 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 78 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 67 աշխատատեղ՝ 112 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է  հասցնել՝ մինչև 68-ի 115 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 19.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 990 հազ դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728