Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Արտակ Դավթյանի փաստաբան. «Դատախազությունը համարել է, որ պաշտպանյալիս պատկանող որոշ գույքեր եւ եկամուտներ չեն հիմնավորվում օրինական կերպով: Մենք այդ դիրքորոշմանը հայտնում ենք լիակատար անհամաձայնություն»

Փետրվար 13,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքերը եւ ոչ օրինական եկամուտների ծավալը հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան, որի վերաբերյալ պատասխանող կողմը հանդես եկավ համապատասխան հարցադրումներով՝ ուղղված իր համար ոչ պարզ հանգամանքները պարզաբանելուն, որպեսզի, իրենց իսկ խոսքերով ասած, իրենք էլ հնարավորություն ունենան լիարժեք տիրապետելու դատախազության կոնկրետ դիրքորոշմանը և, ըստ այդմ, լիարժեք հակափաստարկելու այդ դիրքորոշման կապակցությամբ:

Արտակ Դավթյանի շահերը ներկայացնող փաստաբան Անդրանիկ Մանուկյանը դատական նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում ասաց. «Իրավասու մարմինը՝ դատախազությունը, համարել է, որ պարոն Արտակ Դավթյանին պատկանող որոշ գույքեր եւ որոշ եկամուտներ չեն հիմնավորվում օրինական կերպով, և, ըստ այդմ, ներկայացրել է հայցադիմում իրենց վերնագրմամբ՝ այդ ոչ օրինական եկամուտների ծավալը, ինչպես նաեւ անշարժ գույքերը բռնագանձելու պահանջի մասին:

Բնականաբար, դատախազության այդ տեսակետին կամ դիրքորոշմանը հայտնում ենք լիակատար անհամաձայնություն, ինչը նաեւ համապատասխան իրավական հիմնավորումներով փաստարկել ենք եւ փաստարկելու ենք իրավական, փաստական հիմնավորումներով, զուգակցված անհրաժեշտ փաստաթղթերի կազմի ներկայացմամբ:

Նշանակվեց եւս մեկ նախնական դատական նիստ, որի ընթացքում կշարունակենք տալ մեզ հետաքրքրող անհրաժեշտ հարցերը»:

Ըստ դատախազության, 2023 թվականին Արտակ Դավթյանը եւ իրեն փոխկապակցված անձինք կատարել են որոշակի ծախսեր: Սակայն հայցադիմումում փաստարկված չեն, պարզ չեն, թե որ ուղղությամբ են դրանք կատարվել եւ ինչ չափով: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցերի պատասխանը գտնվում է որոշակի ֆայլում, որտեղ այդ հաշվարկներն առկա են ամենայն մանրամասնությամբ: Պատասխանող կողմը խնդրեց եւ դատարանն էլ առաջարկեց, որպեսզի հայցվոր կողմն այդ էլեկտրոնային ֆայլը տրամադրի եւ դատարանին, եւ պատասխանողին: Դրանց պարունակությունը լիարժեք ուսումնասիրելու համար Անդրանիկ Մանուկյանը դատարանից խնդրեց մեկ ամիս ժամանակ:

Այսքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին, ժամը 10:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728