«Նման դեպքեր ԱԺ-ում միշտ են տեղի ունենում, այնպես չի, որ սա առաջին անգամն է: Երբ այդ հանդիպումները երկարում են, Փաշինյանը ավելի շուտ է հունից դուրս գալիս, գուցե դոզայի պակասից է, գուցե հոգեբանական վիճակից է, մենք նման բաներին սովորել ենք: Երեկ շատ երկար տեւեց, բայց ես էլ ոչ նրա բժիշկն եմ, ոչ էլ հոգեբանը, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել: Այդ դուք եք նկատում, որ նա հունից դուրս է գալիս, մեզ համար դա սովորական փաշինյանական վիճակ է»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պահվածքին:
«Երեկ եւ առաջին օրը քննարկվում էր հասարակական նախաձեռնության կողմից ԱԺ բերված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Ընդհանրապես պետք է օրենքն ունենա որեւէ կարգավորման առարկա, բնույթ, պետք է լինի կոնկրետ գործողություններ կարգավորող, որոնց կատարումը կամ չկատարումը խորհրդարանական վերահսկողությամբ վեր հանվի, եւ համապատասխան եզրահանգումներ արվեն:
Նախագծի վերնագրում եղած «գործընթացի մեկնարկ» բառակապակցությունն արդեն իսկ անհասկանալի տրամաբանություն է թվում, ի՞նչ է նշանակում գործընթացի մեկնարկի մասին օրենք: Ասենք, օրինակ, մրցավարը սուլում է, դա հերիք է, թե որեւէ մեկը կանգնի հայտարարի՝ մենք սկսում ենք անդամակցության գործընթացը: Ու վերջ, մեկնարկը տրվեց:
Նման օրենքի նախագիծն, իհարկե, աբսուրդ է, բայց այս մարդիկ մեծ ճոխությամբ նշում էին՝ որպես կարեւոր ձեռքբերում, եւ հանրությանը ցույց էին տալիս, որ իրենք սրանով ուզում են սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթաց: Նախ ասեմ, որ նման գործընթաց սկսելու սահմանադրական լիազորությունը բացառապես կառավարությանն է վերապահված, եւ եթե կառավարությունն իսկապես շատ ուզենար այդ գործընթացը սկսել, առանց այս նախաձեռնության եւ առանց այս նախագծի էլ կարող էր գործողություն անել:
Կարդացեք նաև
Հիմա ո՞ւմ աչքերն է փակում, ո՞ւմ է խաբում, ինքն իրեն է խաբում, Եվրոպայի՞ն է խաբում, Ռուսաստանի՞ն է փորձում վախեցնել, դա իր ներքին մտածողության խնդիրն է: Բայց ասեմ, որ իսկապես ԵՄ-ից էլ արձագանքներ եղել են, որ, ըստ էության, բառացիորեն ասել են, որ այս պահին ԵՄ-ին անդամակցության գործընթացը սառեցված է»,-ի թիվս այլնի նշեց Արմենուհի Կյուրեղյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ