Լրահոս
Օրվա լրահոսը

7-8 հոգի դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից… դա հանցագործությո՞ւն է. ՔՊ պատգամավոր Էմմա Պալյան

Փետրվար 13,2025 16:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պատգամավորի եղբայրը գրոհել է Շիրակի մարզի դպրոցները», «Պատգամավորը ստիպում, ահաբեկում է Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին գրենական պիտույքներ գնել եղբոր խանութից», «Ոչինչ էլ չի փոխվել. մենաշնորհ Շիրակի մարզում»…

Որոշել էի ընդհանրապես լուրջ չվերաբերվել և չանդրադառնալ այս վերնագրերով նյութերին և այս թեմային առհասարակ, բայց ես ինչքան չանդրադարձա, էդքան ավելի շատ սկսեցին գրել և աղաղակել այս մասին իրենց լրագրող և մամուլ «հռչակածները», ինչպես նաև որոշ մտքի «գիգանտներ»։

Եվ ուրեմն այսպես` հարգելի և ոչ հարգելի ընկերներ, Շիրակի մարզի 146 դպրոցներից իմ եղբորը պատկանող գրենական պիտույքների խանութից գնում են կատարում ընդամենը 7-8 դպրոց, բայց ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ այս 7-8 դպրոցի տնօրեններից և ոչ մեկը վախեցած ու ահաբեկված չեն, ավելին` այս տնօրեններից և ոչ մեկին ձեր նշած պատգամավորի, այսինքն` իմ կողմից, ո՛չ հրահանգ, ո՛չ պահանջ, ոչ անգամ խնդրանք չի եղել այդ թեմայով։

Ես և իմ ընտանիքը ծնվել ենք Գյումրիում, ապրում ենք Գյումրիում, ունենք հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մեծ շրջապատ, որտեղ հարգված և սիրված ենք, ու հաստատ չեք հավատա, բայց մեր շրջապատում, թարսի պես, ստացվել է այնպես, որ 7-8 հոգի դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից` օրենքի տառին համապատասխան (յուրաքանչյուր դպրոց 50-ից մինչև 200 000 դրամ տարեկան)…և՞, դա հանցագործությո՞ւն է…

Էլի չեք հավատա, բայց ամեն նման հրապարակումից հետո շատ դպրոցի տնօրեններ ինձ հարցնում են, տիկին Պալյան, իրոք գրենական պիտույքների խանութ ունի՞ ձեր եղբայրը, հրապարակում ենք տեսել այդ մասին (հուսով եմ հասկանում եք ինչ եմ ասում)։ Հա ի դեպ` եղբայրս այդ փոքրիկ բիզնեսով սկսել է զբաղվել մինչև իմ պատգամավոր ընտրվելը, սա էլ է կարևոր շեշտադրում։

Ասածս ինչ է՝ հարգելի «մտահոգ» զանգված, այս «լուրջ ու ճակատագրական» բացահայտումներն անելուց հետո, երբ բավարարվածության խորը զգացումով կկանգնեք ձեր տերերի դիմաց ու հպարտ կասեք` հանձնարարականը կատարված է` հիշեք, որ Գյումրին փոքր քաղաք է ու ձեր ստերը վնասում է ոչ թե ինձ ու իմ ընտանիքին, այլ ձեզ ու ձեր տերերին:

Եվ վերջում ես եմ ուզում մի հարց ձեզ տալ. բավականին երկար ժամանակ է, ինչ անձամբ դուք զբաղվում եք իմ եղբոր խանութի գովազդով ու հիմա եթե էդ գովազդի արդյունքում որևէ մի դպրոցի տնօրեն էլ իմանա այդ խանութի մասին ու որոշի եղբորս խանութից գնումներ կատարել, էլի ինձ եք մեղադրելո՞ւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728