Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ԱՄԷ վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին հուշագիր կստորագրվի

Փետրվար 13,2025 15:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության հավանությանն է արժանացել  «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը։ Այն կկարգավորի ՀՀ և ԱՄԷ վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես՝ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները: Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո (մասնակից բոլոր երկրների համար), որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է 65,047,623 եվրո (ամբողջի 90%-ը) և տրամադրվում է ծրագրի շրջանակում ընտրության փուլերն հաջողությամբ անցած մասնակից երկրների իրավաբանական անձանցից կազմված կոնսորցումների ներկայացրած ծրագրերին: Ինչ վերաբերում է մնացած 10%-ին, ապա այն ենթադրում է մասնակից պետության կողմից համաֆինանսավորում: Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հետազոտական և նորարարական կարողությունների զարգացում և ընդլայնում, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կանխարգելմանը և էկոհամակարգի պահպանմանն ուղղված մոտեցումների կիրառում, բնության, կենսաբազմազանության և կանաչ ենթակառուցվածքների պաշտպանության և պահպանման ուժեղացում՝ այդ թվում նաև քաղաքային տարածքներում, աղտոտվածության բոլոր տեսակների նվազեցում: Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:

Հավանություն է տրվել նաև  2024 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության կառավարությունների միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728