Լրահոս
Օրվա լրահոսը

Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է, որտեղ Ռուսաստանը դրական վերաբերմունք է արտահայտել ԱՄՆ-ի նկատմամբ. Ստեփան Հասան-Ջալալյան

Փետրվար 13,2025 15:36

ԹՐԱՄՓ-ՊՈւՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈւՅՑԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից առաջ՝ 2024թ. դեկտեմբերի 7-ին, կատարել է իր առաջին արտասահմանյան ուղևորությունը Ֆրանսիական Հանրապետություն, որտեղ Ելիսեյան պալատում նրան ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրանց երկկողմ հանդիպումը կայացել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման շրջանակում։

2025թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Դատելով հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ նախագահի աշխատակազմի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունից և Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի հայտնած մանրամասներից՝ կարող ենք պնդել, որ հեռախոսազրույցն անցել է դրական մթնոլորտում, տեղի է ունեցել մտքերի կոնստրուկտիվ փոխանակում: Ասվածն ապացուցելու համար բերենք մի ուշագրավ մեջբերում ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունից. «Ռուսաստանի նախագահը հրավիրել է Միացյալ Նահանգների նախագահին այցելել Մոսկվա և պատրաստակամություն է հայտնել ընդունելու ամերիկացի պաշտոնյաներին Ռուսաստանում այն ուղղություններում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման թեման»:

Վերջին տարիներին ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է, որտեղ Ռուսաստանը դրական վերաբերմունք է արտահայտել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է փորձի առաջ մղել իր շահը և հասնել դրա սպասարկմանը: Իսկ ո՞րն է այս պահին հայկական կողմի շահը: Հայկական կողմը պետք է արհեստավարժ կերպով սկսի քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերսկսելու ուղղությամբ: Այսինքն՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում հալչող սառույցը պետք է դիտարկել որպես Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հնարավորություն:
Եթե ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման օրոք պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի իրենց արևմտյան գործընկերները՝ Վաշինգտոնը և Փարիզը, հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ նշված ձևաչափում, ապա Թրամփ-Պուտին փետրվարի 12-ի դրական հեռախոսազրույցի լույսի ներքո կարելի է ձևավորել զգուշավոր դրական ակնկալիք առ այն, որ պրոֆեսիոնալ կազմակերպված աշխատանքների իրականցման արդյունքում կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքների վերսկսմանը:

Բանն այն է, որ այսօր միջազգային հանրության դիրքորոշումը Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ այն է, որ հիշյալ հակամարտությունը չի կարգավորվել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա, կոչ է անում Մինսկի խմբին արագ վերադառնալ իր միջնորդական դերին: Այս մասին, մասնավորաբար արձանագրված է Եվրոպական խորհրդարանի 2022թ. փետրվարի 17-ին և հունիսի 6-ին ընդունած բանաձևերում:

Ավելին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունած «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձևում, մասնավորապես, արձանագրված է, որ «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն»:

Այսպիսով, նկատի առնելով վերոնշյալ փաստերն ու փաստաթղթերը՝ հայկական կողմը, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիան և Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադառնալու հարցը կարևորող հասարակական, քաղաքական շրջանակները, պետք է իրականացնեն քարոզչական, տեղեկատվական աշխատանքներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերսկսելու մասին հարցը միջազգային օրակարգ բերելու համար:

Այս գործում իր պատասխանատու մասնակցությունը պետք է ունենա նաև Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը, քանզի այդ վարչակազմին իշխանությամբ օժտել են Արցախի Հանրապետության քաղաքացիները և այդ վարչակազմը ևս, եթե ոչ առաջին հերթին, պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ հասնելու Արցախի Հանրապետության դեօկուպացիային և Արցախի մեր հայրենակիցներին իրենց բնակության վայրեր տիրոջ կարգավիճակով վերադառնալու իրական հնարավորություն ստեղծելու համար:

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728