Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասիրական տեսանկյունից՝ սա աղետ կարող է լինել»․ Գեղամ Վարդանյանը՝ ԱՄՆ արտաքին աջակցության կասեցման մասին

Փետրվար 13,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ միայն Հայաստանում, բայց նաեւ Հայաստանում, որակյալ մեդիայի համար դոնոր է եղել ԱՄՆ-ը՝ շատ երկար տարիներ։ Հիմա էլ է այդպես։ Այդ աջակցության վերացումը՝ ժամանակավորապես, թե ընդհանրապես, խնդիրներ է ստեղծում՝ որակյալ բովանդակություն ստեղծելու տեսանկյունից»,- այսօր Մեդիա կենտրոնում կայացած՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ֆինանսավորման շուրջ տարածվող տեղեկություններ․ միֆեր և իրականություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց մեդիա փորձագետ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

Հիշեցնենք,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնությունը կասեցվել է, որոշ կազմակերպություններում նաեւ աուդիտ է իրականացվելու։

Գեղամ Վարդանյան

Այս քայլը Գեղամ Վարդանյանը համեմատում է նետված ռումբի էֆեկտի հետ, որն ալիքաձեւ տարածվելով՝ մեծ ապատեղեկատվական հոսքեր է բերելու, մինչդեռ, ըստ նրա՝ փաստերի ստուգման հարթակների հենց ամերիկյան  գործընկերները բազմաթիվ դրվագներով բացահայտել են հենց Թրամփի վարչակազմից դուրս եկող ապատեղեկատվության հոսքերը։ Նրա գնահատմամբ, սա հենց այն քաղաքականությունն է, որը վարում է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ հայտարարել, որ դադարեցնում են անկախ մեդիադաշտի ֆինանսավորումը եւ կիսակեղծ լուրերով, կեղծ նարատիվներով ռմբահարել նույն մեդիադաշտը։

Տիգրան Ամիրյան

Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի նախագահ եւ հիմնադիր Տիգրան Ամիրյանն էլ կարծում է, որ այս նոր իրավիճակից մեդիաներն ու քաղհասարակությունը տուժող մի մասն են միայն․ «Տեսնում ենք, թե ինչպես են ժամ առ ժամ քննարկումներ ձեռնարկվում Ուկրաինայի պատերազմի եւ նոր իրավիճակի մասին, որովհետեւ, Ուկրաինայում անկախ մեդիաները շատ մեծ դեր էին կատարում, որպեսզի ինչ-որ ձեւ ընդդիմանային պրոպագանդիստական մեքենային, քանի որ հիմա ոչ միայն ռազմական գործողություններ են ընթանում, այլ նաեւ մեդիա-պատերազմ։ Այս համատեքստում այս նոր իրավիճակը շատ մեծ նշանակություն կունենա։ Բացի դրանից, բելառուս գործընկերները նույնպես տուժում են, որովհետեւ երկրից դուրս՝ քաղաքական փախստականի կարգավիճակում գտնվող քաղհասարակության եւ մեդիայի ներկայացուցիչները, շատ երկար ժամանակ ԱՄՆ-ի կողմից ունեցել են շատ հիմնավի ֆինանսական աջակցություն․ այդ աջակցությունը թույլ էր տալիս՝ նույնիսկ երկրից դուրս գտնվելով՝ խոսել ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների մասին։ Տեսնում ենք մեկ այլ երկրներ, որոնք չարախնդում են եւ իրենց հաղթանակի մասին են հայտնում։

Օրինակ, տեսնում ենք, թե ինչ տարբեր ռեակցիաներ են գալիս Վրաստանից․ պաշտոնական Վրաստանը հայտարարում է, որ դա ճիշտ որոշում է, որովհետեւ երկար տարիներ․․․ այսինքն, օգտագործում է դավադրությունների տեսություններ, որպես պաշտոնական խոսք, հայտարարում է, որ դա ի օգուտ Վրաստանի պետության չի եղել։

Ադրբեջանական զլմ-ները նույնպես իրենց դրական տեսլականն են արտահայտում եւ հաղթանակի մասին ամենամեծ ինֆորմացիոն հոսքը տեսնում ենք Ռուսաստանից եւ ռուսական մեդիաներից։ Հայաստանը նույնպես հայտնվում է այդ քարտեզում եւ ստացվում է, որ երբ այս ֆինանսական աջակցությունը դադարեցվում է, մենք չենք ունենա նաեւ տարածաշրջանային երկխոսություն, ինչը շատ վտանգավոր է»։

Բանախոսի գնահատմամբ, այսպիսով` նաև սկսում են հաստատումներ ստանալ տարբեր ոլորտներին վերաբերվող դավադրությունների տեսությունները՝ նպաստելով կեղծ նարատիվների տարածմանը, ոչ ժողովրդավար ուժերի ակտիվացմանը։

Գեղամ Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ամերիկյան ֆինանսավորումը միայն քաղհասարակությանն ու մեդիա ոլորտին չէր տրվում, վկայակոչում է արդեն իսկ առկա վերլուծությունները, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը՝ մարդասիրական տեսանկյունից։ Իր գնահատմամբ՝ «մարդասիրական տեսանկյունից սա աղետ կարող է լինել, եթե չհասկանան թե ինչ են անելու դրա փոխարեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728