«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 2019-ին հունիսին Մինսկի խումբը (ՄԽ) բերել է նախագիծ, ես կապ չունեմ դրա հետ․ էնտեղ նախագահ է գրված։ Հիշո՞ւմ եք՝ ով է եղել ԱԳ նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը։ Որ Նիկոլ Փաշինյանը կապ չուներ այդ բանակցությունների հետ, բա Զոհրաբ Մնացականյանը դրանից առաջ տևական ժամանակ Վաշինգտոնում ի՞նչ էր բանակցում»,-ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այն հորդորների, թե հրապարակեք փաստաթղթերը, պատասխանել էր, որ «2019-ին ինքը որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չի եղել․ «Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է: Հլը էդ թղթի վերևում էլ գրված է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները»։
Նա նշեց՝ ՄԽ-ի հետ մի քանի փուլով հանդիպումներ, քննարկումներ են եղել այդ շրջանում․ «Հետո ՄԽ-ն ժամանել է ՀՀ, ներկայացրել նոր առաջարկ-փաթեթ և դրանից հետո, եթե փոքր-ինչ ժամանակագրությունը նայենք, ՀՀ հռետորաբանության փոփոխություն է եղել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, զորավարժություններ, խճճված բանակցային գործընթաց, որտեղից ՄԽ-ն դուրս մղվեց։ 30 տարվա բանակցային գործընթացում ՄԽ-ն այլևս չհասկացավ, թե ինչ է ուզում ՀՀ-ն։ Խճճվելու արդյունքում հասանք այն իրավիճակին, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմին և ողբերգությանը»։
Լրագրողները ճեպազրույցի ժամանակ մեջբերեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն գրառումը, որն արձագանք էր Լևոն Քոչարյանի հայտարարություններին․ «Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք»։
Կարդացեք նաև
Այնուհետև Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին՝ իրենց քաղաքական թիմի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի մասին այս համեմատությունն ինչպե՞ս կգնահատի և ի՞նչ կասի պիղատոսյան օրինակի և դժոխքում պատժի մասին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Սարոյան եղբայրներ»-ը հիշո՞ւմ եք՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել»։ Ով՝ ով, բայց Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական թիմն աստվածաշնչյան մեջբերումներով դժվար թե ինչ-որ բան գտնեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ