Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՞ւր են գնում քաղաքի փողերը, ինչո՞ւ այդ փողերը չեն մտնում բյուջե
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, խոսելով ավտոկայանատեղիներում ապօրինի փող հավաքող մարդկանց եւ այդ տուրքը համայնքի բյուջե բերել-չբերելու մասին, ասել է. «Ձեզ նեղո՞ւմ են էդ մարդիկ, ասենք 2 հոգի, տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ, գումար են վերցնում, հիմա ի՞նչ անենք, հայտարարություն տանք, էդ մարդկանց գնան բռնե՞ն։ Համայնքապետարանի աշխատող չէ, մարդը իրա շենքի մոտ կանգնած օգնում է, 100 դրամ տալիս են։ Թող չտան։ Հաղորդում տվեք հանցագործության մասին։ 2 հոգի իրենց երեխայի հացը էդ միջոցով ապահովում են, հիմա որ ամեն օր գնանք վռնդենք, 10 րոպե հետո իրենք նորից կգան։ Ու հետո, բոլորը չեն, որ գումար տալիս են։ Էդ մարդիկ օրական 1000-2000 դրամ կարող են հավաքել»։
Այսինքն, պարոն Մինասյանի հաշվարկով ընդամենը երկու հոգի են, օրական 2000 դրամ են տուն տանում յուրաքանչյուրը: Ոչինչ, որ դա համայնքի բյուջե մտնելիք փողն է, չխանգարա: Ստացվում, որ իր հաշվարկով ավտոկայանման փողերի հանրագումարը Գյումրիում ընդամենը ամսական 124 հազար դրամ է (2 հոգի, մարդա 2 հազար դրամ օրական, 31 օր շարունակ):
Կարդացեք նաև
Մի քանի կոպիտ սխալ կա այս տրամաբանության մեջ:
- Եթե 124.000 դրամ է ամսական այդ գումարը, ես պատրաստ եմ ամսական այդքան գումար հատկացնել այդ մարդկանց, իսկ համայնքապետարանը դրա փոխարեն պիտի քաղաքն ազատ ապօրինի հարկահանությունից: Ինչ է անում. դիմում է ոստիկանություն, ամեն օր է դիմում ու էդ «պարկովշկների» համքարությունը գնում է տուն, փողոցում այլեւս չտեսնենք պարկովշիկների:
- Գյումրու համայնքապետարանը բարեգործական հիմնարկ չէ, որ ում կամենա թույլ տա Գյումրու բյուջեի փողը տանել տուն: Հետո էլ, երբ քաղաքացիները այս կամ այն խնդրի լուծումը պահանջեն, ասեն՝ «փող չկա»: Է, որտեղի՞ց լինի:
- Իմ հաշվարկներով Գյումրու փողոցներում վարորդներից ապօրինաբար հավաքվում է տարեկան առնվազն 60-70 մլն դրամ, կամ ամսական 5-6 մլն դրամ, ոչ թե ինչպես պնդում է Մինասյանը՝ 120-124 հազար դրամ: Այսինքն, եթե ավագանին սահմանի օրենքով սահմանված տուրքը, աշխատողների գործի ընդունի եւ բյուջե մուտքագրի այդ գումարները, հետն էլ մարդավարի վճարի օրինական կայանավարներին (պարկովշիկներին այդպես կոչենք), նրանք էլ եկամտահարկ վճարեն, քաղաքի բյուջեն կաճի 60-70 մլն դրամով, մինուս 20-25 մլն դրամ կայանավարների աժշխատավարձը, կմնա 35-45 մլն դրամ պայմանական շահույթ, ինչը քաղաքի կարիքների համար կծախսվի եւ արդար կլինի:
- Անհասկանալի է, թե ինչու պիտի քաղաքը գանձի 19 անուն տուրք եւ այս մեկ տուրքի գանձումը անտեղի համարի: Ո՞Ւմ փողն է այդ չգանձվող գումարը, քաղաքի՞, ՔՊ-ի՞, 2 կայանավարների՞, թե՞ պաշտոնակատարի: Հարցին պատասխանել պետք չէ: Պաշտոնակատարը պետք է պատասխանի, թե ինչու է որոշել, որ նորմալ է, որ քաղաքի փողը գնում մտնում է երկու հոգի գրպանը: Չի ուզում կամ չի կարող պատասխանել: Հակառակ տեսանկյունից էլի համանման հարց կա, իսկ չարժե՞ որ մյուս տուրքերն էլ չգանձվեն համայնքի բյուջե, թող 1-2 հոգի էլ մնացած տուրքերը հավաքեն տանեն տներով, տուն են պահում, չէ՞:
Ի դեպ, երբ պնդում եմ, որ պիտի տուրք սահմանվի ու այդ գումարները գանձվեն համայնքային բյուջե, բոլորովին ի նկատի չունեմ, թե վարորդները պետք է վճարեն ավելին, քան հիմա են վճարում, պնդումս այդ բեռի ավելացումը չէ, վարորդները կշարունակեն վճարել այնքան, ինչքան հիմա են վճարում, ուղղակի այդ 60-70 մլն դրամը կմտնի ոչ թե սրա-նրա գրպանը, այլ քաղաքի բյուջե, ինչքան կարելի է այս հասարակ բանը բացատրել:
Բոլոր պոպուլիստական ու կեղծավոր հակաճառությունները (մարդ են տուն են պահում, դուք խիղճ չունե՞ք, չեմ հասկանում, քու հա՞ցն են ուտում…) ընդունվում են ժպիտով, իսկ լուրջ հակաճառությունների համար սպասում եմ բանավեճի՝ որտեղ եւ երբ կկամենան: Կարելի՞ է էս հասարակ բաները տարիներով բացատրել: Հները գոնե ծպտուն չէին հանում ու չէին անում ինչ պնդում էի, հիմա ՔՊ պաշտոնակատարի դեպքում արդեն բացահայտ պաշտպանում է քաղաքային բյուջեի կողոպուտը: Ինչո՞ւ: