Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում եմ՝ առաջին հերթին 2023-ի սեպտեմբերի 19-ին ՊԲ հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին հրապարակային հիմնավորումներ տալ, արձագանքել»․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 13,2025 13:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այլ բան է, որ դրա մասին խոսում են մարդիկ, որոնք այդ ժամանակ գտնվել են ՀՀ-ում, մեկ այլ բան է, որ դրա մասին լռում են մարդիկ, որոնք տեղյակ են, մարդիկ, որոնք այդ ժամանակ մարտեր են վարել, ՊԲ ղեկավարել»,- ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջերս արցախցիների հասցեին հնչած այն հոխորտանքներին, թե մնայիք, կռվեիք։

Տիգրան Աբրահամյանի համար տարօրինակ է Կամո Վարդանյանի (լուսանկարում-խմբ.) պահվածքը․ «Եթե չեմ սխալվում՝ Կամո Վարդանյանը ներկայումս ԳՇ պետի խորհրդականն է և իր լռությունը, հատկապես իր պաշտոնը ստանձնելուց հետո, տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ինձ համար մտահոգիչ է։ Եթե իրականում ՊԲ-ն մարտ վարած չլիներ, ապա էս տեսանկյունից տարօրինակ է դիտվում այն հանգամանքը, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ այս պահին էլ ծառայություն են շարունակում ՊՆ-ում կամ Գլխավոր շտաբում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում։

Այսօր ՊԲ-ի հրամկազմի մի շարք ներկայացուցիչներ Գլխավոր շտաբում վարչության պետերի, պետի տեղակալների, ԳՇ պետի տեղակալի պաշտոններ են զբաղեցնում։ Այս տեսանկյունից ինձ համար խնդրահարույց է այս պահին գործող ԳՇ-ի լռությունը և առաջին հերթին պետի լռությունը։ Մարդ, որն անցել է ՊԲ բովով, եղել է ՊԲ-ում, հետագայում կարճ ժամանակահատված եղել է ՊԲ շտաբի պետը։ Նրանք այսօր հանդուրժում են ՊԲ-ի, ՊԲ մարտիկների, հրամանատարների, կամավորների նկատմամբ անարգանքը, որ անընդհատ թափվում է ՊԲ-ի գլխին։ Ի վերջո ո՞րն է այս մարդկանց համար կարևորությունը։

Երկար ժամանակ այս թեմայով հրապարակային չեմ խոսել՝ կարծելով՝ ի վերջո իրենց մեջ ուժ կգտնեն, թքած կունենան այն պաշտոնների վրա, որոնք զբաղեցնում են և այն վախերի, որոնք ուղեկցում են նրանց կյանքում, և պատասխան կտան այն ամենի համար, ինչին պատասխանատու են եղել բավականին երկար ժամանակ տարբեր կարգավիճակներում։

Եվս մեկ անգամ հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին 2023-ի սեպտեմբերի 19-ին ՊԲ հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին հրապարակային հիմնավորումներ տալ, արձագանքել և իրավիճակը ներկայացնել։ Ես որևէ ձև, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որ ՊԲ-ի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը։

Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, և իրենց մասով պարզ է, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, որոնք ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել։ Այս թեմային հետևողական եմ լինելու։ Որևէ մեկը չկարծի, որ կարող է թաքնվելով, լռելով, հիասթափվելով, այս ամենից փախչելով՝ խուսափել։ Բոլորս պարտական ենք պատասխանատվություն կրելու մեր մասով մեր բոլոր այն զինծառայողների, հրամանատարների ամեն վարքի, ամեն ինչի համար, որոնք այս տարիների ընթացքում նրանց գործելաոճում արտահայտվել է։

Ի վերջո, այդ մարդիկ մեր երկրի համար կատարել են ամենակարևոր գործառույթը՝ հայրենիքի պաշտպանի գործառույթը։ Այն մարդիկ, որոնք գլխավորել են տարբեր գործողություններ, որոնք պաշտոններ են զբաղեցրել ՊԲ-ում և ոչ միայն, պետք է կարողանան այդ ամենի հետ կապված այսօր էլ պատասխան տալ և պաշտպանել բոլոր այն մարդկանց իրավունքները, որոնք այս իշխանության ժամանակահատվածում փորձ է արվում անարգել»։

Լրագրողների հարցին՝ արդյոք ռիսկայի՞ն չէ ադրբեջանական բեռների ստուգման հետ կապված հարցը, ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ական պատգամավորների հավաստիացումները,  թե ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռներն անպայման ստուգվելու են, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Եթե խնդիրը դրված է Ադրբեջանի կողմից տրվող տեղեկանքներին հավատալու կամ վստահելու մեջ, դա որևէ ձևով չի կարող ինչպես ընթացակարգային, այնպես էլ իրավական և քաղաքական առումով մեզ համար լինել վստահելի՝ հատկապես, երբ խոսքը Ադրբեջանի մասին է։ Տպավորություն կա, որ շատ ժամանակ նույն այդ միջանցքային տրամաբանության հետ կապված լինում են ձևակերպումներ, որոնք արտահայտում են միջազգային հանրության տրամաբանությունը, բայց իշխանությունը փորձում է դա ներկայացնել տարաբնույթ անվանումներով։ Նույնը չեմ բացառում, որ կարող է լինել այս գործընթացի հանգուցալուծման պարագայում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728