Մ. թ. ա. 74-71թ.թ. ժամանակահատվածում Հին Հռոմում իրականացված ստրուկների ապստամբության առաջնորդ Սպարտակի մասին համաշխարհային պատմագրությունը, գրականությունն ու արվեստը` իր բազմաթիվ ուղղություններով ու ժանրերով լեցուն են իրական ու գեղարվեստական հերոսական պատումներով, մեկը մյուսին գերազանցող գլուխգործոցներով: Համաշխարհային պատմության մեջ թերևս, դժվար է գտնել մի ուրիշ իրական անձնավորություն, որ մշակույթում անմրցունակ ծավալի այդպիսի մեծ արձագանք ունենա:
Եվ այդ համաշխարհային ստեղծագործական գագաթներից մեկը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն է, գագաթներից մեկը կամ ամենաբարձր գագաթը: Պատահական չէ, որ բալետարվեստում Սպարտակի կերպարը ոչ միայն արվեստի բարձրագույն չափանիշ է կամ երազանք, այլ համաշխարհային հանրությանը ներկայանալու լավագույն այցեքարտ:
Հիշեցնենք, որ այս գլուխգործոցն առաջին անգամ բեմադրվել է Լենինգրադում 1956թ. Լեոնիդ Յակոբսոնի խորեոգրաֆիայով, իսկ Երևանում 1961թ.` Եվգենի Չանգայի: Վերջին անգամ մեր թատրոնում` 2021թ. «Սպարտակի» բեմադրությունը իրականացրել է մեծանուն Յուրի Գրիգորովիչը:
Կարդացեք նաև
Մեր այս հերթական անդրադարձի առիթը հիշյալ բալետին կապված է Աստանա- օպերա թատրոնի առաջատար մենապարող Սերիկ Նակիսպեկովի անվան հետ, որն օրերս Սպարտակի դերապարով առաջին անգամ հանդես եկավ Երևանի օպերային թատրոնում: 32-ամյա արտիստի այցեքարտը հենց այս դերապարն է, որի անդրադարձերին ծանոթացել ենք արտասահմանյան շատ ԶԼՄ-ներից, որոնցում հատկապես շեշտվում էր նրա մասնակցությունը 18 միջազգային մրցույթների: Նաև այն փաստը, որ երիտասարդը ուսանել է Ալմաթիի խորեոգրաֆիայի քոլեջում, այնուհետև շարունակել է Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայում, 2015թ. Աստանա-օպերա թատրոնի հիմնադրումից հետո աշխատում է այնտեղ:
Առաջին դերապարն էլ Ռոմեոն էր, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում»:
Ներկայացումից անմիջապես հետո, թեև նկատելի էր արվեստագետի ուժասպառ վիճակը, այնուամենայնիվ՝ սիրով համաձայնեց կարճատև զրույցի: Նախ, շռայլ խոսքեր չխնայեց սեփական կարծիքը հայտնելու «Սպարտակի» և ընդհանրապես խաչատրյանական երաժշտության մասին, նշելով, թե այս բալետն իսկ գլուխգործոց է, որտեղ «հոյակապ երաժշտությունն ու խորեոգրաֆիան հանդիպել են մեկմեկու»:
Հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց, որ Ալմաթիի 85-ամյա պարարվեստի քոլեջը ուժեղ դպրոց է. 10 տարի առաջ էլ Աստանայում բացված Ղազախստանի ազգային խորեոգրաֆիայի ակադեմիայում ուսանում են աշխարհի ժողովուրդների ներկայացուցիչներ:
Մեր զրուցակցի համար, իր խոսքով, սպասված հարց էր, թե բազմաթիվ երկրների բեմերում ունեցե՞լ է հայ գործընկերներ կամ իրեն ծանո՞թ է հայկական մշակույթը, մասնավորապես՝ ի՞նչ գիտի մեր բալետի տղամարդ արտիստների մասին, որոնք տասնամյակներ շարունակ փայլում են հեղինակավոր թատրոններում, բալետային խմբերում և այլն: Արտիստն անկեղծորեն ասաց, որ Խաչատրյանից բացի՝ այլ հայ կոմպոզիտորի արվեստին առայժմ չի առնչվել, հայ արտիստներից էլ ծանոթ է միայն Րաֆֆի Գալստյանին, որը 2019թ. Սպարտակ է պարել Աստանա-օպերայում՝ փոխարինելով իրեն, քանի որ ունեցել է ոտքի վնասվածք:
Ինչով կբացատրի իր մասնակցությունն ու միայն հաղթանակները 18 միջազգային մրցույթներում, մեր զրուցակցի պատասխանը հետևյալն էր. «Կշարունակեի մասնակցել, եթե ստեղծագործական գրաֆիկս, այդ թվում՝ արտասահմանյան, այսչափ խիստ չլիներ: Մի բան էլ կա. վստահ եմ, հայ արվեստագետները նույնպես բախվում են այդ հարցին: Խոսքը վերաբերում է արտասահմանյան հյուրախաղերին, երբ հաճախ, չգիտես ինչու՝ վիզա ստանալու խնդիր է առաջանում, կամ պարզապես առանց որևէ բացատրության մերժում են»: Ռեպլիկին` անձնականին էլ է խանգարում, ստացանք հետևյալ հակիրճ պատասխանը. «Ոչ, դեռ չեմ հանդիպել սրտիս աղջկան»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Սպարտակի դերապարով իր արտասահմանյան, մասնավորապես եվրոպական բեմելներին: «Երևանը, ավելի ճիշտ՝ Հայաստանը, ինձ համար բնականաբար Եվրոպա չէ, բայց այստեղ ես զգում եմ ինձ ինչպես եվրոպական այն երկրներում, որտեղ ելույթներ եմ ունեցել: Նախ, ձեր թատրոնում տիրող աշխատանքային, ստեղծագործական կարգուկանոնը, հետո հիանալի է, երբ բալետի արտիստները բարձրահասակ են, այնպես ինչպես մեծ հաշվով ձեր թատրոնում է: Բարձրաձայնեմ, հայ գործընկերներիս բարձր պրոֆեսիոնալիզմի փաստը, ինչից կարելի է ենթադրել ձեր բալետային դպրոցի մակարդակը: Չմոռանամ նվագախմբի մասին «Սպարտակի» ռեժիսուրայի մասին և այլն, և այլն: Տեղեկացա, որ Յուրի Գրիգորովիչի բեմադրությունն է սա»:
Հարցին, իսկ իրենց թատրոնում ո՞վ է բեմադրել այս բալետը, արտիստը պատասխանեց. «Ռուսլան Բրոնինը, 10 տարի առաջ»: (Երևանյան «Սպարտակի» բեմադրությանը Բրոնինը հանդես էր գալիս իբրև Գրիգորովիչի ասիստենտ- ՍԴ) :
Մեր թատրոնի բալետային հարուստ խաղացանկին ծանոթ ղազախ արտիստից հետաքրքրվեցինք, թե իրեն ո՞ր ռեժիսուրայով ներկայացումներն են հոգեհարազատ` դասակա՞ն, թե՞ ժամանակակից: «Թե դասական, թե ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված այն ներկայացումները, որոնք բարձրակարգ են ու բարձրարվեստ»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Հավելեց նաև, որ հաջորդ իր այցը Երևան արդեն ծրագրված է եղել դեռևս անցյալ տարի. 2025թ. ապրիլին Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակութային օրեր:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Սերիկ Նակիսբեկովի ելույթները տարբեր թատրոններում