«Բավական երկար ժամանակ է՝ ինչ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին՝ մեր կողմից ներկայացված առաջարկներին։ Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է կառուցողական տրամադրված լինել ու ներգրավված լինել բանակցություններին։
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին՝ այսպես կոչված միջանցքի վերաբերյալ, Վահան Կոստանյանն ասաց․ «Այդ մասին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն քանիցս պաշտոնապես արձագանքել է։ Եվ վարչապետի վերջին հոդվածն էլ վստահաբար տեսել եք։ Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալյացիոն ֆոնի ապահովմանը։ ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, եւ մենք շարունակելու ենք գործնական տրամադրված լինել»։
Հարցին՝ եթե հարձակվեն ՀՀ վրա ու փորձեն ուժով խլել միջանցքը, այդ տարբերակը դիտարկո՞ւմ են, Կոստանյանը պատասխանեց․ «Բնականաբար, ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական եւ ոչ միայն, պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»։
Կոստանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն իրացնում է իր սուվերեն իրավունքը եւ զարգացնում է իր պաշտպանական կարողությունները։ «Ինչպես նախկինում նշվել է, մենք մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ հարձակվողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք։ Ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Եվ մեր այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ