«ՀՀ-ով անցնող ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի»,-հարցին՝ ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռները ստուգվելո՞ւ են, թե՝ ոչ, եթե կոմունիկացիաները բացվեն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ-ն պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում։ Լրագրողի հստակեցմանը՝ ստուգելո՞վ իմանա, թե ադրբեջանական կողմի տեղեկացնելը բավարար կլինի, Արման Եղոյանն այսպես արձագանքեց․ «Հիմա տարբեր ձևի տեխնիկական միջոցներ կան, ինչպես մյուս պետություններից եկող բեռների դեպքում որոշակի ստուգում պիտի լինի, այնպես էլ այս դեպքում»։
Պատգամավորն ասաց՝ տեխնոլոգիաները շատ են, և չի կարող ասել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիայով ստուգում կանցնեն և որ մարմինը դա կիրականացնի․ «Մաքսային ծառայությո՞ւնը, սահմանապահ ծառայությո՞ւնը, թե՝ ԱԱԾ-ն կստուգի․ ապագայում պարզ կլինի։ ՀՀ իրավասու մարմինը պիտի հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ պարզաբանեց․ «Իմ ընկալմամբ՝ հարցի մեխն այն էր, թե արդյոք կարո՞ղ է հավանական լինել, որ ՀՀ տարածքով որևէ բեռ անցնի, որի պարունակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան։ Ոչ, նման բան ուղղակի լինել չի կարող։ Թե ինչ տեխնիկական միջոցներով, որ մարմինն է իրականացնելու, քննարկման սեղանին են այդ տեխնիկական հարցերը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ