ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։
Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․), Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.), Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․), Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։
Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1), Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3), Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3.4), գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ., պետ․ ցուցիչ՝ 3.46.5), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» (1968 թ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարմիր բերդ» ամրոցը (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 7.1.3), Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ., պետ․ ցուցիչ՝ 8.47.3) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
Կարդացեք նաև
Ներկայացվել են նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը և Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ, պետ. ցուցիչ՝ 8․3․2) հուշարձանի օգտագործման ծրագիրը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ