Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն պրն. Առնոլդ Կրեյլհուբերի հետ՝ քննարկելու կայուն շրջակա միջավայրի և կլիմայական գործողությունների շուրջ համատեղ ջանքերը:
Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունները բնապահպանական ոլորտում և ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ բնապահպանական գործընթացներում՝ միտված բնական միջավայրի պահպանման գործում միջազգային ջանքերի ընդլայնմանը: Քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր, ակնկալում է սերտորեն համագործակցել UNEP-ի հետ՝ ապահովելու, որ համաժողովը դառնա նշանակալից հանգրվան առավել կանաչ ապագա ունենալու գլոբալ ջանքերում:
ՀՀ ԱԳՆ