Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ցույց են անում տնտեսվարողները՝ բողոքելով հարկային բեռի ավելացման դեմ։
Օրերս տնտեսվարողները գործադուլ էին արել՝ հայտարարելով, որ պահանջում են, որպեսզի կառավարությունը կասեցնի նոր օրենքի կիրարկումը։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն իշխանությանն առաջարկել էր վեց ամսով հետաձգել օրենքը եւ քննարկումներ սկսել ըստ ոլորտների։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե առեւտրով զբաղվողները թաքցնում են հարկերը, տնտեսվարողներից մեկն ասաց․ «ՀԴՄ չտրամադրելը հարկերի բարձր լինելուց է գալիս, հարկերն աբսուրդի ժանրից են։ Առաջին հերթին պետք է մտածենք վաճառքի մասին, որ կարողանանք այդ վաճառված ապրանքից էլ ավելի շատ ՀԴՄ տրամադրենք։ Շրջհարկի 5 տոկոսը, որը սահմանվել էր, դա էլ էր աբսուրդ։ Տարեցտարի առեւտուրը նվազում է, հատկապես ՌԴ-ից ունեինք շատ գնորդներ, ամեն տարի իջավ այդ ամենը։ Միգուցե իրենք տեսնում են, որ տուրիստը գալիս է, բայց այդ տուրիստը գալիս է ինչի՞ հաշվին, գալիս-պտտվում է, ասում է ձեզ մոտ շատ սիրուն է ամեն ինչ, բայց շատ թանկ է»։
Ոսկու առեւտրով զբաղվող տնտեսվարողն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ասածը չափազանցություն է, թե օրական 27 հազար առեւտուր են անում իրենք։ «Ամսով առեւտուր չի լինում, միգուցե ամսվա մեջ մեկ-երկու կտոր բան վաճառվի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ստոմոտոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներից մեկն ասաց․ «Ծործորակներդ կտեսնեք հայելու օգնությամբ, բայց էս ժողովրդին չոքած ու բեռնավորված չեք տեսնի։ Ժամանակն է եկել, սա էն Հայաստանն է, որի համար աղոթել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, եւ չփորձեք հանկարծ այստեղ կեղծավորություն ու եսիմ ինչ խաղալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ոսկու առեւտրով զբաղվող առեւտրականներից մեկն էլ ասաց․ «Ես ուզում եմ ինքս հանդիպեմ պարոն Փաշինյանին։ Ես շատ ուրախ եմ, որ իմ երկիրը փորձում է կայանալ, ես չեմ զլանում հարկ վճարելուց, բայց այդ հարկը պետք է լինի տրամաբանական։ Ես ունեմ բավական ապրանք, որը էժան ոսկու ժամանակ վաճառելի էր, այսօր այդ ապրանքը վաճառելի չէ, քանի որ գինը բարձրացել է։ Ես քանդում եմ այդ ապրանքը, մասնատում եմ, դարձնում եմ մի քանի հատ, որպեսզի կարողանամ շրջանառել։ Բայց հիմա իմ նոր սարքած ապրանքը նորից չունի թուղթ, որովհետեւ ես իմ անթուղթ ապրանքը քանդում եմ, քարն առանձնացնում եմ, ոսկին առանձնացնում եմ, սարքում եմ չորս հատ մանր կոմպլեկտ, որ կարողանամ վաճառեմ։ Ես որտեղի՞ց թուղթ բերեմ, որ իմ 15 տարվա ապրանքի համար 1 տոկոսով հարկվեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ