Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոններից Հայաստանը հեռացել է: Հայտնվել է «անտերի» կարգավիճակում. Վիգեն Հակոբյան. «Փաստ»

Փետրվար 13,2025 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն այս տարիների ընթացքում, իբր բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելով, փոխանակ դիվերսիֆիկացնեին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ փոխլրացնեին եղած հարաբերությունները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնական կենտրոնների հետ այլ հարաբերություններով և փորձեին դրա հաշվին ամրապնդել երկրի անվտանգային համակարգը, որը տարբեր բաղադրիչներ ունի, համադրեին տարբեր շահերը, ըստ էության, համադրել են արտաքին քաղաքական վտանգները, բացասական ազդեցությունները»,– «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ընդգծում է՝ այս ամենը կոնստրուկտիվ համադրելու փոխարեն ստացել ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների մրցակցության ասպարեզ Հայաստանում: «Բազմիցս ասվել է, որ Հայաստանը գնացել է սիրիացման ճանապարհով, իսկ հայ-ադրբեջանական, հայթուրքական հարաբերությունների արդյունքում Հայաստանն, ըստ էության, արդեն իսկ երկրի կիպրոսացման տարբերակի առջև է: Կիպրոսում կան հունական և թուրքական մասեր, հիմա Հայաստանը կանգնած է այդ վտանգի առջև: Այսօրվա Հայաստանի սուվերեն տարածքում կարող է լինել, ասենք, ադրբեջանական Հայաստան և նոմինալ Հայաստան: Քաղաքականությունը, որը վարել է Հայաստանի իշխանությունը, ոչ թե համադրել և մոտեցրել է աշխարհաքաղաքական ուժերի շահերը, այլ աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոններից Հայաստանը հեռացել է: Օրինակ՝ կորցնելով Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից, այդպես էլ չի կարողացել գետնի վրա ռազմավարական գործընկերություն ունենալ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի հետ: Իրանի հետ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են: Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակում:

ԱՄՆ-ի նախորդ վարչակազմ ինչ-որ չափով գոնե հետաքրքրված էր տարածաշրջանով, մասնավորաբար՝ Հայաստանով: Այն իրեն դիրքավորել էր որպես հակառուսականության ֆորպոստ: Այդ առումով Հայաստանին որպես բութ գործիք փորձում էին օգտագործել թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպական միությունը: Նիկոլ Փաշինյանը խաղալու ինչ-որ տեղ ուներ արտաքին քաղաքական ասպարեզում: Թրամփի վարչակազմի գալուց հետո պատկերը կտրուկ փոխվեց, այն իր արտաքին քաղաքական և ամենակարևորը՝ աշխարհընկալման և գաղափարախոսության առումով կտրուկ տարբերվում է նախորդ գլոբալիստական վարչախմբից: Ավելի պահպանողական է, իր համար կարևոր է Միացյալ Նահանգների շահը», – նշում է մեր զրուցակիցը:

Տարատեսակ քննարկումների կենտրոնում հայտնվեց Փաշինյանի այցը Վաշինգտոն: Ըստ Հակոբյանի, այդ այցով նա նպատակ ուներ հասկանալու՝ ԱՄՆ-ի նոր վարչախումբն ի՞նչ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում և, մասնավորաբար, Հայաստանի հետ կապված: «Իսկ ամենակարևորը՝ ինչպե՞ս է վերաբերվում գլոբալիստական ուժերին սպասարկող Փաշինյանին և նրա խմբակին: Այցն ուներ ավելի շատ հետախուզական, ինչոր բան հասկանալու, նոր հենարաններ որոնելու խնդիր: Տեսանք հանդիպումների մակարդակը և ԱՄՆ իշխանությունների կողմից թե՛ անձնական, թե՛ միջպետական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի և այսօրվա Հայաստանի հանդեպ: Հասկանալի էր, որ նրա այցը «հում» էր, չնախապատրաստված: Վաշինգտոն մեկնելու պատրվակը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին մասնակցելն էր, բայց իրեն նույնիսկ սեղանին մոտ չեն թողել: Կամ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ հանդիպումը, որն արձանագրվել է միայն մեկ լուսանկարով: Տեսագրություն չկար ընդհանրապես: Նման բան չի լինում: Ցանկացած բարձր մակարդակի հանդիպում ունի պրոտոկոլ: Նման բազմաթիվ հանդիպումներ տեսել ենք նախորդ բոլոր իշխանությունների օրոք:

Ամենաինտրիգային հարցն էր, թե, ի վերջո, ո՞վ է այդ լուսանկարի հեղինակը: Միջանցքո՞վ էր մեկն անցնում, նրան խնդրեցին լուսանկարել, թե՞ Վենսի քարտուղարուհին էր նկարողը, գուցե Մակո՞ւնցը, եթե, իհարկե, ներկա է եղել, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ, որը միջնորդել է, որ գոնե այդ նկարը լինի: Այդ հանդիպումը որևէ տեղ արձանագրված չէ՝ Սպիտակ տան հաղորդագրություններում, Վենսի անձնական էջերում, միջազգային մամուլի էջերում որևէ հիշատակում այդ հանդիպման մասին չկա: Այդ նկարն ունի միայն Նիկոլ Փաշինյանը և երևի այն մարդը, որը հեռախոսով նկարել էր Փաշինյանին և Վենսին»,-հավելում է նա:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728