Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը՝ Հայաստանի գիտության վիճակի մասին
-Պարոն Գեւորգյան, «Առավոտի» հետ ձեր համագործակցությունը սկսվեց տարիներ առաջ «Մեր գիտնականներից ով՝ ով է» հոդվածաշարով, որտեղ դուք թվերով փորձում էիք գնահատել հայաստանյան գիտության վիճակը։ Եվ ամեն տարի տարբեր հարթակներում տպագրում էիք գիտությունը՝ թվերով։ Այս տարի չգտա ձեր վերլուծությունները։
– Չեք էլ գտնի, որովհետև այն չեմ հանրայնացրել։ Պատճառներից հիմնականը հասարակության անտարբերությունն է թե խնդրի, թե այն լուծելու մեթոդների մասին։ Եթե նախկինում ասում էի՝ գոնե մի 10 հոգի լսում էր, հիմա ես ասում եմ, ես էլ լսում։
– Ենթադրում եք ձեր աշխատանքն իզու՞ր էր։
Կարդացեք նաև
– Չեմ ենթադրում՝ համոզված եմ։ Երբ նայում եմ վերջին տասնամյակների հայաստանյան գիտության թվային տվյալներին, նրանց դինամիկային՝ շատ բաներ պարզ են դառնում։ Միջին եւ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան 100-120 հոդված են տպագրում Հայաստանում աշխատող գիտնականները։ Մոտ 50 գիտնական, բոլորն էլ բնական գիտությունների ներկայացուցիչ, «ձգում են» պրոֆեսորի մակարդակի։ Մոտ 100-150 հոգի էլ նրանց ղեկավարությամբ աշխատող գիտաշխատողներ են։ Սպասարկող անձնակազմով, ասպիրանտներով ու լաբորանտներով «գիտության սպասավորների» թիվը թող լինի մոտ 500։ Սա ընդամենը միջին չափերի գիտահետազոտական մի ինստիտուտ է։
Երբ ես տարիներ շարունակ խոսում եմ գիտությունը կազմակերպելու մասին՝ հասկանում եմ, որ դա ոչ այսօրվա, ոչ էլ վաղվա գիտության մասին է։ Այսօր եղած մի ինստիտուտի «չափաբաժնով» գիտական հանրությունը կազմակերպման ձեւի փոփոխության կարիք առանձնապես չունի։ Իմ նշած քննարկումները ապագային են միտված։
Հիմա ավելի առաջնային է կրթական համակարգի կայացումը՝ իհարկե, չմոռանալով ապագա գիտության մասին։ Իմ աշխատանքը իզուր էր այնքանով, որ լաբորանտի տվյալներով ակադեմիկոսներ ունեցող հայաստանյան գիտությունը հիմա էլ գրոհում են զրոյական տվյալներով «թամադաներ»։
– Ի դեպ, ստուգեցի՞ք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող միակ թեկնածուի՝ Տարոն Դանիելյանի տվյալները։
– Հարցն իմ ստուգելը չի։ Ես ուրախ եմ, որ կան դեռ լավ թամադաներ։ Իմ կարծիքով թամադան եւ ժամանակակից լրագրողը ինչ-որ առումով ընդհանուր հատկանիշներ ունեն։ Իրականությունը վառ գույներով ներկայացնելը նրանց կապում է։ Տվյալ դեպքում ստուգելն էլ է ամոթ։ Մարդ, որի աշխատանքների վրա չկա ոչ մի հղում, մինչդեռ նա պնդում է, որ ինքը կայացած գիտնական է, նշանակում է, որ իսկապես կայացած թամադա է։
Իսկ նրա կողմնակից-սեղանակիցներին խորհուրդ կտամ այս հղումով համոզվել, որ նրանց սեղանապետի նշած ամսագրերից ոչ մեկն էլ ընդգրկված չէ հայտնի շտեմարաններում։ Իսկ բացատրել, որ Scopus-ում կարող է ինչ-որ մեկի անունը երևալ՝ արդեն ցանկություն չունեմ։ Կենաց է՝ ասում են, անուշ խմեք․․․
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ