Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացնելու են իրենց աշխատանքը, որպեսզի տրանսպորտի բնականոն աշխատանքը որեւէ կերպ չխաթարվի. Կոստանյան. «Հրապարակ»

Փետրվար 13,2025 10:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսուհետ հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն:

Հայկ Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցրեց, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունում կադրերի համալրում տեղի չի ունեցել, որեւէ նոր աշխատակից չի ավելացել: Կոստանյանի պնդմամբ` աշխատանքներն իրականացնելու են այն աշխատակիցները, ովքեր մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանության ծառայություն ապահովելու համար տարբեր աշխատանքներ են իրականացնում, օրինակ` ապօրինի շինթույլտվություններն են բացահայտում, սխալ գովազդային վահանակներն են ապամոնտաժում, փողոցային առեւտուրն են արգելում` տարեց վաճառողներին եւ նրանց վաճառած միրգ-բանջարեղենը փռելով ասֆալտին ու ոչնչացնելով եւ այլն:

«Մեր աշխատակիցներն են, միշտ էլ եղել են նրանք, նոր աշխատակիցներ չեն: Ստուգայցեր կիրականացվեն այնքան ժամանակ, մինչեւ այս իրավիճակը հանգուցալուծում ստանա: Դուք էլ նկատած կլինեք, որ այս ընթացքում անդադար վեճեր են տեղի ունենում տրանսպորտի մեջ: Տարբեր քաղաքացիներ իրար հետ են վիճում կամ քաղաքացիները վիճում են վարորդների հետ, կամ էլ` ավագանու անդամները` վարորդների, կամ` քաղաքացիները` ավագանու անդամների հետ: Այս ամենը խանգարում է աշխատանքի բնականոն ընթացքին: Այս ընթացքում ունեցել ենք երկու դեպք, երբ վեճերի արդյունքում վարորդների ինքնազգացողությունը վատացել է: Ունեցել ենք դրվագներ, երբ ավտոբուսն են վնասել, մի անգամ պատուհան են կոտրել, հետո` քարով են հարվածել ավտոբուսին, եւ քանի որ մեր պարտականությունը հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը պատշաճ իրականացնելն է, պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացնելու են իրենց աշխատանքը, որպեսզի տրանսպորտի բնականոն աշխատանքը որեւէ կերպ չխաթարվի: Աստված մի արասցե, չի կարելի թույլ տալ, որ խնդրահարույց իրավիճակների հասնենք: Չպետք է թույլ տանք, որ իրավիճակը սրվի: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե հաստիքացուցակով քանի աշխատակից ունենք, որոնք ստուգայցեր են կատարելու տրանսպորտում: Նրանք Երեւանում շինարարությունից սկսած, գովազդային վահանակներով վերջացրած՝ ստուգումներ են կատարում, հետեւում են փողոցային առեւտրին եւ այլն: Փաստացի այն, ինչ քաղաքում արվում է անօրեն, այդ մարդիկ հսկողություն են իրականացնում: Նրանք առաջատար մասնագետներ են, նաեւ՝ ոչ առաջատար, հետեւաբար, տարբեր է նաեւ նրանց աշխատավարձի չափը: Ինչ վերաբերում է տուգանելուն, ապա նման բան նախատեսված չէ: Նման մեխանիզմ գոյություն չունի: Պարզապես կա ավագանու կողմից ընդունված որոշում, պետք է հաշվի առնել այդ որոշումը եւ կատարել վճարումներ»,- ասաց Հայկ Կոստանյանը:

Հ.Գ․ Մենք տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը, թերեւս, նախապես իմանալով գլխին գալիքը, 2024 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում նոր կադրեր է ընդունել աշխատանքի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728