«Ես ներկայացնում եմ բոլոր այն կանանց, որոնք կիսվել են իրենց պատմություններով։ Ես այդ ամենը իմ աչքերով եմ տեսել, եւ չեմ կարող որեւէ բառով նկարագրել այն։ Լսելով դա՝ ես մտածել եմ բոլոր այն կանանց մասին, որոնք որդիներ, ամուսիններ են կորցրել։ Ես գիտեմ, թե որքան տրավմատիկ է եղել նրանց համար, բոլորիս համար»։
Այս մասին Aravot.am-ի հետ կարճատեւ զրույցում ասաց արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված «Կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ» արտահայտությանն ի պատասխան։
«Անհարմար եմ զգում, որ մենք՝ հայերս, իրար մեջ այսպիսի հարցեր ենք քննարկում։ Որպես լրագրող՝ ես մշտապես փորձել եմ գրել եւ պատմել դրսի լսարանի համար։ Մտածում էի, որ կարիք չունենք Հայաստանի մեր հայրենակիցներին պատմել, թե ինչ է կատարվել Արցախում, բայց երբ այսպիսի պառակտիչ ելույթներ եմ լսում, շատ ծանր է ինձ համար, թե՛ որպես լրագրող, թե՛ որպես հայ, թե՛ որպես կին», – անկեղծանում է արցախցի մեր հայրենակիցը, որն Արցախում լուսաբանել է շրջափակումն ու բռնի տեղահանումը։
Վիրավորանք, ցավ, ցասում․ ըստ լրագրողի՝ արցախցի մայրերի եւ կանանց մոտ այս զգացողություններն են առաջացրել ԱԺ խոսնակի արտահայտությունները։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ են հստակ գնահատականներ
«Անընդունելի եւ անթույլատրելի է հատկապես պաշտոնյայի կողմից նման արտահայտությունները», – ասում է Սիրանուշ Սարգսյանը։
Լրագրողը շեշտում է՝ Սիմոնյանի նման արտահայտությունները պետք է առաջին հերթին արձագանք ստանան նրա թիմից, ոչ թե արդարացումների, այլ հստակ գնահատականների տեսքով։
Ո՞րն է վերջը
«Երբ ասում է՝ «մինչեւ վերջ», դա ի՞նչ է նշանակում․ բոլորի մահը՞։ Ո՞րն է վերջը։ Վերջը մենք տեսել ենք։ Այս վերջն ապրելով ենք մենք փրկվել, եթե կարելի է սա փրկություն համարել»։
Նախապատմություն
«Դուք դուրս եք եկել այդտեղից, որովհետեւ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ։ Պետք էր կռվել», – այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Ալեն Սիմոնյանը։ Հանրության շրջանում այն քննադատության առիթ հանդիսացավ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ալեն Սիմոնյանին հրապարակային ներողություն խնդրելու պահանջ է ներկայացրել։ Փետրվարի 12-ին՝ աղմուկ հանած արտահայտություններից մեկ օր անց, ԱԺ նախագահը փորձեց սրբագրել իր միտքը՝ հայտնելով, որ խոսքը ոչ թե ժողովրդի, այլ կոնկրետ անձանց մասին էր։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻ