Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան է ասել արցախցիների՝ «չկռվելու և թողնել-փախնելու» մասին, ու արդեն երկու օր է՝ նրա հասցեին ով ինչ ասես ասում է։ Ոմանք հայհոյում են, ուրիշները փաստերով հիմնավորում են, որ նա սուտ է ասում, երրորդները հենց նրան ու իր շեֆին են մեղադրում Արցախի հայաթափման համար, և այլն։
Լսեք, դուք այդ կենսաբանական միավորից ի՞նչ եք ուզում։ Հասկանալի է, չէ՞, որ նա սեփական կենսագործունեության միակ նպատակը համարում է լավ ապրելը, հարստանալը, իշխանական վայելքներից օգտվելը, պարգևավճարները, ծառայողական մեքենաները, քարտուղարուհիները, աշխարհով մեկ «տժժալը» և այդպես շարունակ, հետևաբար՝ իր ցանկացած հրապարակային խոսք նա կառուցում է այդ տրամաբանությամբ․ կասի այն, ինչ դուր է գալիս շեֆին՝ իր ֆիզիոլոգիական պահանջմունքները կբավարարվեն, ուրիշ բան կասի՝ չեն բավարարվի։ Վերջ, սա է։
… Եվ, ի դեպ, բացարձակապես անիմաստ է նրան նախկինում իր իսկ արտաբերած բառերը հիշեցնելն ու անսկզբունքայնության մեջ մեղադրելը։ Ճիշտ հակառակը՝ այդ առանձնյակը միշտ հավատարիմ է եղել սեփական բնազդներին ու երբեք չի շեղվել իր վարքագծից, այն է՝ հանուն սեփական ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման արտաբերել այնպիսի բնաձայնային հնչյուններ, որոնք դուր կգան շեֆին։ Օրինակ՝ երբ ժամանակին լուսանկար էր հրապարակում ու տակը գրում «Աղդամը իմ հայրենիքն է», նա հո չէ՞ր մտածում, որ Աղդամն իսկապես իր հայրենիքն է, նա ընդամենը բնազդով զգում էր, որ շեֆին դուր կգա ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանի «բոստանը քար գցելը»… Հիմա շեֆին դուր է գալիս Արցախի կորստի մեղքը «չկռված» արցախցիների վրա բարդելը՝ ինքն այդպես է ասում։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում