Երբ ասում ես, որ Հայաստանի իշխանություններին պետք չէ Իլհամ Ալիեւի ամեն մի պահանջից հետո զգաստ կանգնել եւ «չեստ տալ», պաշտոնական քարոզչության պատասխանը լինում է մոտավորապես հետեւյալը՝ «ռուսական ագենտուրան ցանկանում է նոր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ եւ դրանով գաղութացնել Հայաստանը»:
Երբ ասում ես, որ «ԵՄ անդամակցելու մեկնարկի» մասին խոսակցությունները դատարկ են, անիմաստ եւ անհեռանկարային, պատասխանը հետեւյալն է՝ «ռսաստրուկները չեն ցանկանում, որ մենք ինտեգրվենք Եվրոպային»: Ի դեպ, որոշ ընդդիմադիրների մտահոգությունն առ այն, որ այդ թղթի պատճառով Ռուսաստանը կսկսի խանդել եւ կտրուկ հայտարարություններ անել, նույնպես, կարծում եմ, անհիմն է. իրազեկ մարդիկ այնտեղ շատ լավ տեղյակ են, որ մոտակա տասնամյակներում Հայաստանի ԵՄ անդամակցությունը հնարավոր չէ (բազմիցս նշել եմ, թե ինչու): Դա գիտեն, իհարկե, նաեւ ՀՀ իշխանությունները: Պարզապես որոշ խավի համար նախատեսված քարոզչություն է տարվում՝ «արա ախպեր, ռսները մեզ քցել են, էթըմ ենք Եվրոպա»:
Եվրաինտեգրման ճանապարհով, անշուշտ, պետք է գնալ: Բայց դա բոլոր պետական գերատեսչությունների մանրակրկիտ աշխատանք է պահանջում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA-ի) բոլոր կետերը կատարելու ուղղությամբ: Պետք է նաեւ քաղաքական կամք՝ եվրոպական արժեքներին, ավանդույթներին համապատասխանելու համար: Օրինակ, իշխանությունների թեւերի բաժանման: ԵՄ ո՞ր երկրում է, որ վարչապետը SMS-ով աշխատանքից ազատում է խորհրդարանի պատգամավորին կամ ԲԴԽ նախագահին:
ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմին անցնելն, այո, տեսականորեն հնարավոր է: Սակայն իշխանությունն արդեն հայտարարել է, որ 2026 թվականին այդպիսի ռեժիմ չի ներմուծվի: Ավելացնեմ, որ դա չի լինի նաեւ 2027 եւ հետագա տարիներին, եթե այս իշխանությունը մնա: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետեւ նրանք ո՛չ նորմալ բանակցել գիտեն, ո՛չ էլ պատկերացնում են, թե ինչպիսի պահանջներ է պետք կատարել: Ավելին՝ վստահ եմ, որ իրենց անգամ նեղություն չեն տվել՝ ծանոթանալու պահանջների այդ ցանկին: Փոխարենն աղմկոտ PR է արվում՝ բոցաշունչ ճառեր, «օրենքի» տեսքով հռչակագիր:
Կարդացեք նաև
Հայտնի ասացվածքի նման՝ շոգեքարշի ամբողջ էներգիան գնում է ոչ թե առաջ գնալու, այլ շչակը որքան հնարավոր է՝ բարձրաձայն հնչեցնելու վրա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կներեք, Ուկրաինայի անդամակցությունը հնարավո՞ր էր մոտակա տասնամյակում։ Եթե ոչ, ապա ինչու են նրանք (ուկրաինացիները) հիմա դրա պատճառով ցեղասպանվում։