Առավոտի» զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
«Իրանի շահերն առաջին հերթին պահանջում են հենց այդ կարմիր գծերը ՀՀ-ի սահմանների առումով»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։ Հիշեցրինք՝ ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխություններին եւ հարցրինք՝ հնարավո՞ր է որեւէ սցենար, որի դեպքում Իրանը ստիպված լինի հատել իր իսկ սահմանած կարմիր գծերը՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Իրանի նկատմամբ ճնշումներն աճում են, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Թեեւ Թրամփը խոստացել էր բանակցություններ սկսել, բայց այժմ այնպիսի պայմաններ է դրել, որ Իրանի համար ընդունելի չեն։ Գուցե Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումները շատանան, բայց իրենք իրենց ազգային, ռազմավարական, աշխարհաքաղաքական շահերը գերադասում են ամեն ինչից։ Անգամ Իրանի տարբեր քաղաքական թեւեր, որոնց մի մասը նախկինում կողմ էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների սկսմանը, այժմ միասնական են, քանի որ ԱՄՆ-ն այդպիսի պայմաններ է դրել։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պատուհանները, դռները փակվել են Իրան-ԱՄՆ բանակցությունների համար։ Դեռ այդ հնարավորությունը կա։ Ու կարող է ավելի լավ լինել»։
Իրանագետը փաստեց՝ հիմա Իրանը ծանր վիճակում է, ինչպես մենք։ Բայց կան հարցեր, որոնք առաջնահերթ են։
Հարցին՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, Իսրայելի հնարավոր հարվածների եւ Իրանի շուրջ վերջին լարվածությունը հաշվի առնելով՝ արդյոք այս գործոնները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ Իրանը կարմիր գծերի հետ կապված գնա Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մյուս ոլորտներում իրավիճակը մեղմելու համար, Էմմա Բեգիջանյանը վստահեցրեց. «Ոչ, բացառվում է։ Թուրքիայի եւ Իսրայելի տնտեսական հարաբերություններում դեռ կան բնագավառներ, որ աճ են արձանագրել։ Անձամբ Նեթանյահուն հայտարարեց, որ անգամ մի շիշ հանքային ջուր Թուրքիայից ներմուծվող չի պակասել»։ Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրան-Թուրքիա փոխհարաբերություններում սերտացում չպետք է ակնկալել։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ երբ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հասնեն Սյունիքի մարզ, դա կարո՞ղ է Իրանի համար խնդիրներ ստեղծել, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Իրանի հետ սահմանը մեր եւ Իրանի հարցն է, որը հստակ է։ Բայց եթե ասեն՝ այս սահմանի ինչ-որ հատված տալիս են Ադրբեջանին, այդ ժամանակ հարց կծագի։ Իրանը հարց չունի. Ադրբեջանի հետ Սյունիքի սահմանն ինչպես ուզում են։ Իհարկե, ինչպես տեսանք՝ Սյունիքով անցնող ճանապարհը 2020-ին իրենք իրենց բաժինը վերցրին, բայց հիմա այլընտրանքային ճանապարհ են կառուցում՝ Ագարակ-Կապան։ Իրանն այդ ճանապարհն արդեն ինքն է կառուցում»։ Մեր փաստմանը՝ Իրանի դեսպանը հայտարարեց՝ սահմանազատման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու համար, հետեւաբար Իրանը չի՞ խառնվելու ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացներին, Էմմա Բեգիջանյանն այսպես արձագանքեց. «Ամեն երկիր իր շահն է առաջնային համարում։ Իրանի գլխավոր շահն այն է, որ հայ-իրանական սահմանին որեւէ վտանգ չսպառնա։ Եթե դա չկա, ասում են՝ ուրեմն մյուս կողմը՝ ՀՀ արեւելյան սահմանն Ադրբեջանի հետ թող իրենք համաձայնեցնեն։ Դա Իրանի սահմանի հետ կապ չունի։ Մի բան էլ կա։ Ինչպես հայտնի է՝ ՌԴ-ն կանգնեց Ադրբեջանի, Թուրքիայի կողքին, բայց հիմա տեսնում ենք՝ ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններում լարվածություն կա, ու դա կարող է դարձյալ այդ հարցին վերաբերել։ Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց, եւ, բնականաբար, իրենք իրենց խիստ դժգոհությունն արտահայտեցին։ ՌԴ-ին ասացին՝ դուք մեզ ուրիշ բան եք ասել, հիմա ուրիշ բան եք անում, եւ պարզվեց, որ արդեն լռություն է։ Դա նշանակում է, որ ռուսներն արդեն չեն էլ խոսում միջանցքի մասին։ Դա նշանակում է, որ ռուսները նահանջի քայլ են կատարել հօգուտ Իրանի, որ ճանապարհը պետք է անցնի Արաքսի միջանցքով։ Արաքսը Իրանով անցնող միջանցքն է։ Հատկապես այս առումով ինչու եմ մտածում, որ դա այդպիսին կարող է լինել, քանի որ ՌԴ նախագահ-Իրանի նախագահ հանդիպման ժամանակ ՌԴ-ն պարտավորություններ է ստանձնել իրանական Ռեշտն եւ ադրբեջանական Աստարան կապող երկաթուղու հատվածը կառուցել, իսկ դա հարավ- հյուսիս ճանապարհի մի հատվածն է, որը ուղիղ կապ ունի Արաքսի միջանցքի հետ։ Դա Իրանի համար առաջնային օրակարգային հարց է, ամեն ինչ անել, որ հայ-իրանական սահմանը մնա անձեռնմխելի։ Հիմա Իրանը Թուրքիայով, Ադրբեջանով ճանապարհ ունի, բայց իր համար դրանք վստահելի ճանապարհներ չեն, դրանց հետ կապված պատմական, ոչ պատմական խնդիրներ ունեն։ Դրա համար իրենց համար վստահելի ուղին Հայաստանով է։ Հակառակ դեպքում հարված կլինի Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, ինչին իրենք չեն ուզում գնալ։ Կան վերլուծաբաններ, որոնք ասում են՝ եթե դա տեղի ունենա, դա ավելի խայտառակ իրավիճակ է, քան Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը։ Դրանք համարվում են Իրանի պատմության ամենախայտառակ էջերը»։
Հիշեցնենք՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «անխոչընդոտ անցման» մասին, նշել էր. «Ադրբեջանն ասում է՝ կամ ՀՀ տարածքով, եթե չէ՝ Իրանի տարածքով։ Մենք ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը։ Քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, քանի որ մենք էլ ենք ուզում, որ ճանապարհներն օգտագործվեն։ Պատրաստ ենք որոշակի կարգավորումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է»։ Մեր հարցին՝ այս՝ Իրանի առաջարկած տարբերակով Ադրբեջանին անցում առաջարկելը մեզ ձեռնտո՞ւ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրանը վերահսկելու է, կլինի մաքսային սահման, ստուգում, բայց Ադրբեջանն Արաքսին զուգահեռ միջանցքը դիտում է՝ որպես այլընտրանք։ Մեծ թուրանը ստեղծելու ճանապարհն անցնում է իրենց սրտի միջանցքով՝ Զանգեզուրի։ Որ առաջարկում են ավելի հեշտ, պարզ տարբերակ, չստուգեն, հարկ չտան, դրանք Ադրբեջանի պահանջներն են Եվրոպայից, որ Եվրոպան ճնշում գործադրի ՀՀ-ի վրա եւ պահանջի դա։ Եթե նման բան անեն, դա նշանակում է, որ դարձյալ Ադրբեջանի ցանկությամբ է։ Մյուս կողմից, դրանում շահագրգիռ են նաեւ եվրոպական որոշ երկրներ, օրինակ, եթե դեռ 2000-ին, երբ կառուցվում էր Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթատարը, այն ժամանակ Բրիթիշ Պետրոլիումը նպատակ ուներ նաեւ ՀՀ-ով դա անցկացնել, որովհետեւ շատ կարճ ճանապարհ էր։ Ես ասում էի՝ եթե մենք համաձայնենք, գուցե մեզ տնտեսապես ձեռնտու լինի, բայց ադրբեջանցիները մեզ հանգիստ չեն թողնելու. կգան, կսադրեն, կպայթի, մենք էկոլոգիական խնդիր կունենանք, հետո կասեն՝ դուք չեք ապահովում անվտանգությունը, ուրեմն մենք պիտի ապահովենք։ Հիմա, եթե նույն պայմանները, որ տալիս են՝ պարզեցված ձեւով ստուգում լինի, արդեն կարեւորը երկաթուղին, ավտոմայրուղին կա, մի քանի ամիս կգնան, կգան, ու մի օր էլ կգան, կսադրեն ու իրենք կկանգնեն։ Ինչքան կարելի է, դա պետք է ձգել, մինչեւ ՀՀ-ն ոտքի կանգնի։ ՀՀ-ն այսպիսի թույլ վիճակում չի կարող դա անել։ Եթե համաձայնություն տա, արդեն իրենք շատ ձեւեր գիտեն, որ գան ու վերցնեն։ Իսկ եթե մենք Իրանի հետ ճանապարհ չունենանք, դա նշանակում է՝ ոչինչ չունենք, թուրքերը մեզ էլ, մեր հայրենիքն էլ կուլ կտան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2025