Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Բաքու լարվածությունը խորանում է

Փետրվար 13,2025 12:00

Ռուս-ադրբեջանական դիմակայությունը տարբեր դրսեւորումներով ու նոր թափով շարունակվում է

Բաքուն` ընդդեմ «Ռուսական տան» եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աստիճանը Ադրբեջանի նախագահը հասցել է մի կետի, որից հետո նա, ըստ ամենայնի, դիրքորոշումը մեղմելու դիմաց ռուսական կողմից ինչ-որ մի բան կպահանջի: Հենց այնպես, ռազմավարական գործընկերոջը խայթելը, վստահաբար, Ալիեւի հաշվարկներում չէր կարող լինել, կամ, օրինակ, սեփական հասարակության աչքին «հաղթական» կերպար երեւալը` որպես վերջնական նպատակ:

Ռուսական կողմն անցյալ շաբաթ հայտարարեց, թե պաշտոնական Բաքուն պահանջել է դադարեցնել Բաքվում գտնվող «Ռուսական տան» գործունեությունը։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման պահանջի պատճառ է ներկայացրել ռուսաստանյան կազմակերպության՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությունը։

Հիշեցնենք, վերջերս Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրել էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար: Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Ադրբեջանի կառավարությունը արգելեց ռուսաստանյան կազմակերպության գործունեությունը՝ պաշտոնական պատճառ նշելով որպես` «իրավաբանական անձ գրանցման բացակայությունը»։ Այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ պաշտոնական ծանուցում է ուղարկվել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

Սա տեղի է ունենում երկու երկրների միջեւ, որոնց ղեկավարները 2022թ. փետրվարի 22-ին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որը ներառում էր 43 կետ: Այդ հռչակագրի առաջին կետով, օրինակ` Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա: Ըստ նույն Հռչակագրի՝ Մոսկվան եւ Բաքուն պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ սկսել կողմերի անվտանգությանը եւ շահերին սպառնալիքների դեպքում: Փաստաթուղթը նախատեսում է նաեւ փոխադարձ ռազմական աջակցության տրամադրում անվտանգության ապահովման համար:

Իսկ օրինակ Հռչակագրի 18-րդ կետում ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու եւ չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ հանցագործությունների դեմ պայքարում։

Եվ ահա Ադրբեջանը պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Գումարած այս ամենին, տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ադրբեջանը Ուկրաինային մեկ միլիոն դոլարի օգնություն է տրամադրում: Իլհամ Ալիեւի որոշմամբ նախագահի պահուստային ֆոնդից այդ գումարը հատկացվելու է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի եւ ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն։ Ալիեւի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջեւ բարեկամական ու գործընկերային հարաբերություններով:

Ալիեւի ինքնաթիռը ՌԴ օդային տարածքում բախվել էր GPS-ի աշխատանքի խափանումների՞

Սենսացիոն կարելի է բնորոշել օրեր առաջ Բաքվից ստացված այն տեղեկությունը, համաձայն որի` Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ երկրի նախագահ Ալիեւի կառավարական ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ տեղեկությունը հայտնվել է միջադեպի հետ կապված հանգամանքների ուսումնասիրության, ներառյալ՝ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումների ֆոնին։

Այսպես, հաղորդվել էր, որ նախագահական ինքնաթիռը հանկարծակի լքել է Ռուսաստանի օդային տարածքը եւ վերադարձել Բաքու՝ անսպասելի ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։ Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AZAL J2-8243 չվերթի ժամանակ Ռուսաստանի օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնիի օդանավակայանի վրայով, օդանավը կորցրել է GPS ազդանշանները։ Այսինքն՝ խոսքը GPS ազդանշանի կորստի մասին է ոչ միայն Չեչնիայի, այլեւ ռուսական օդային տարածքի այլ հատվածներում, որտեղով թռել է ինքնաթիռը։ Սա համընկնում է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում դեկտեմբերի 25-ին AZAL-ի J2-8243 չվերթի ինքնաթիռի կործանման հետաքննությանն Ադրբեջանի արձագանքի հետ։

«Տեխնիկական խնդիրների նմանությունները, որոնց բախվել են երկու ինքնաթիռները, ապշեցուցիչ են, մասնավորապես, GPS ազդանշանների կորուստը Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է «կուրացնող» անսարքությունների, ինչը թույլ չի տվել նավիգացիա իրականացնել կամ վայրէջք կատարել Հյուսիսային Կովկասի որեւէ օդանավակայանում՝ ի վերջո ստիպելով նրան շեղվել դեպի Ղազախստան»,- գրել է լրատվամիջոցը՝ նշելով, որ իրավիճակը բարդացնում են տեղեկություններն այն մասին, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացվել են դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան։

Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային համակարգով։ Ռուսական կողմը հայտնում է, որ ինքնաթիռի խոցումից հետո ժամը 05:21-ին հայտարարվել է «Գորգ» պլանի մասին, որն արգելում է քաղաքացիական ավիացիայի թռիչքները։ Սակայն անորոշ է՝ արդյո՞ք այդ մասին տեղեկացվել են ադրբեջանցի օդաչուները։ «Եթե ռուսական ավիացիոն իշխանություններն իսկապես ակտիվացրել են «Գորգ» պլանը՝ ի պատասխան օդային սպառնալիքի, անհասկանալի է մնում, թե ինչու ադրբեջանական ինքնաթիռների անձնակազմերը տեղեկացված չեն եղել:

Հաշվի առնելով, որ նախագահական ինքնաթիռը, հավանաբար, մեկնել է Բաքվից այս իրադարձություններից հետո, բայց բախվել է նավիգացիոն խնդիրների հետ Ռուսաստանի օդային տարածքում, աճում են ենթադրությունները, որ միջամտությունը դուրս է եկել AZAL-ի միջադեպի հետեւանքների շրջանակներից», գրել է «Թուրան»-ը՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 25-ի իրադարձություններն Ադրբեջանում շահարկումներ են առաջացրել այդ խախտումների հետեւում առկա մտադրությունների մասին:

«Խափանումների մանրամասները հրապարակելու՝ Բաքվի որոշումն անսովոր շեղում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սովորաբար չափված դիվանագիտությունից: Թեեւ երկու կառավարություններն էլ պահպանում են ռազմավարական համագործակցության պաշտոնական դիրքորոշումը, այս միջադեպերը կարող են հարաբերությունների կայունությունը փորձության ենթարկել։ Եթե Ադրբեջանն այդ խափանումներն ընկալի որպես իր ինքնիշխանությանն ուղղակի սպառնալիք, դա կարող է հանգեցնել նրա դիրքորոշման վերագնահատմանը, այդ թվում՝ տարածաշրջանային դաշինքներում հնարավոր տեղաշարժին»,- նշել է լրատվամիջոցը։

Մոսկվան պատրաստ է կատարել Բաքվի պահանջը

Ադրբեջանական ճնշումների ֆոնին ռուսական կողմը պատասխանեց, որ Մոսկվան պատրաստ է կատարել Բաքվի պահանջը «Ռուսաստանի տան» գործունեության առնչությամբ: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատել էր՝ պաշտոնական Մոսկվան ստացել է ադրբեջանական կողմի ծանուցումը՝ ռուսաստանյան կազմակերպության գործունեությունը Բաքվում դադարեցնելու կապակցությամբ։

«Ի պատասխան՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել «Ռուսաստանի տան» գրանցումն ավարտին հասցնելու եւ այն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար», – նշել էր Զախարովան։

Պուտինը մտադիր չէ հանդես գալ հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հարցով, օրերս հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների պնդումները, թե Ռուսաստանը պետք է ստանձնի վթարի մեղքը։

Փոխարենը, Կրեմլի խոսնակը հավելել էր, որ Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ շփումների ընթացքում կբարձրացնի Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակի հարցը: «Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ», – նշել է Դմիտրի Պեսկովը՝ Ադրբեջանում ռուսաստանյան կառույցի գործունեության արգելքը որակելով «թյուրիմացություն»:

Փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները ՌԴ-ում, սահմանափակել նրանց բիզնեսը, արտաքսել ապօրինի բնակվող ադրբեջանցիներին

Ադրբեջանից ընդդեմ Ռուսաստանի արտահայտված բավական կոշտ հակաքարոզչության պայմաններում Ռուսաստանից էլ սկսեցին հրապարակային ելույթներ հնչել Ադրբեջանի վերաբերյալ:

Այսպես, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուեւը պահանջել էր փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել նրանց բիզնեսը, արտաքսել երկրում ապօրինի բնակվող ադրբեջանցիներին, իսկ օրինական բնակվողներին զինվորական ծառայության հաշվառման ենթարկել եւ ուղարկել ռազմաճակատ։

«Եդինայա Ռոսիա»-ի մեկ այլ պատգամավոր՝ Եվգենի Պոպովը, առաջարկել էր ուսումնասիրել երկու ադրբեջանական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, եթե «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցվի Ադրբեջանում։ Իսկ պատգամավոր Անդրեյ Պինչուկը կոչ էր արել բռնագրավել «Կրոկուս» ընկերության եւ «Սադովոդ» առեւտրի կենտրոնի գույքը, որոնք պատկանում են ադրբեջանցիների։

Բաքուն պատասխանեց ըմբոստ պատգամավորների ելույթին` Պուտինի կուսակցին «անցանկալի անձ» հայտարարելով: Հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուեւին ոչ ցանկալի անձ են հայտարարել՝ արգելելով նրա մուտքը երկիր։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է՝ «նման որոշման պատճառը պատգամավորի «վիրավորական, սպառնալից բնույթի» հայտարարություններն են»։ «Մեր երկրի օրենսդրության շրջանակներում համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն անձանց նկատմամբ, ովքեր կգործեն մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ադրբեջանական ժողովրդի դեմ»։

Ի դեպ, ռուսաստանյան տելեգրամյան ալիքներից մեկն էլ հայտնել էր, թե Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է Բաքվի ագրեսիվ էսկալացիային պատասխանելու տարբերակները: «Ղարաբաղի ձեռքբերումից Ալիեւի մոտ գլխապտույտ առաջացավ, նա մոռացավ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մասին։ Դա նրա վրա կարող է շատ ավելի թանկ նստել, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակության առաջ իր «ազդեցիկությունը» ցուցադրելու ցանկությունը, որով նա հավակնում է Կասպից ծովի տարածաշրջանային առաջնորդի դերին», – բարձրաստիճան անանուն աղբյուրի խոսքն էր մեջբերել տելեգրամյան ալիքը: Նաեւ հավելել էին, թե Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի Բաքվին «իրականության զգացմանը վերադարձնելու» ուղղությամբ:

Ռամիզ Մեխտիեւը, Էլմար Մամեդյարովը` Ռուսաստանի շահերի պաշտպան

Ռուսաստանի դեմ վերջին շաբաթներին տարվող հակաքարոզչության ֆոնին ադրբեջանական մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե բացահայտել են Ռուսաստանի շահերը ներկայացնող խմբի։ Այդ կառույցը, ինչպես գրել են ադրբեջանական լրատվականները, ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիեւը, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։ Ըստ հրապարակման` խմբի կազմում էին նաեւ Ադրբեջանի մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաեւը, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը եւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728