Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը, քաղաքական դրդապատճառներով, ձեռնպահ է մնում ադրբեջանական ապօրինությունների ողջ ներկապնակը ներկայացնելուց»․ Սիրանուշ Սահակյան

Փետրվար 12,2025 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ներգրավված միջազգային ատյաններն իրավասու են քննարկել ազատությունից զրկելու հիմքերը եւ պարզել՝ արդյոք հիմքեր առկա եղե՞լ են, արդյոք դատավարությունները, որոնց շրջանակներում անձինք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, համապատասխանո՞ւմ են արդար դատաքննության ստանդարտներին»։

Aravot.am-ի հարցին՝ կարելի՞ է հույս ունենալ, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներն, ի վերջո, կվերադառնան հայրենիք՝ հաշվի առնելով, թե ինչպիսի պետության եւ ռեժիմի ներքո են նրանք գտնվում, այսպես պատասխանեց իրավապաշտպան, միջազգային ատյաններում հայ պատանդների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ միջազգային այնպիսի կառույցներն, ինչպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ունեն մանդատ՝ խախտումներ արձանագրելու եւ ազատ արձակում պահանջելու համար։

«Եթե քաղաքական ճնշումը բավարար չլինի, այս դատարանների միջոցով կարող ենք ունենալ իրավաբանորեն պարտադիր դատական ակտեր եւ միջազգային վերահսկողություն դրանց նկատմամբ», – շեշտում է Սահակյանն, ապա հավելում․

«Իրավական մեխանիզմները համակցելով քաղաքական մեխանիզմների հետ, հնարավոր կլինի ազատ արձակել հայ պատանդներին»։

Իրավապաշտպանը չի թաքցնում՝ խնդիրը բարդ է, իսկ Ադրբեջանն էլ ռեսուրսներ ունի իր դեմ ճնշմանը դիմակայելու համար։

Դիմակայելու ադրբեջանական ռեսուրսներն անսպառ չեն

«Իմ գնահատմամբ, սակայն, այդ ռեսուրսներն անսպառ չեն։ Եթե տեւական ճնշում գործադրվի, եթե միջազգային ճնշումն ինտենսիվացնենք, ադրբեջանական ռեսուրսներն էլ, այդ թվում՝ քաղաքական, նվազեն, մենք կունենանք հավասարակշռության խախտում, որի պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի ենթարկվել միջազգային հանրությանը», – ընդգծում է Սիրանուշ Սահակյանն, ավելացնում՝ «Այս մոտեցումն է, որ ինձ հույս է ներշնչում, որ խնդիրը լուծելի է»։

Ադրբեջանական հանցագործությունները կոծկվում են

Հետաքրքրվեցինք՝ տրամաբանվա՞ծ է Կառավարության այն պնդումը, որ նրանք ամենօրյա ռեժիմով զբաղվում են ռազմագերիների հարցով, սակայն չեն հանրայնացնում մանրամասները՝ գործընթացը չվնասելու համար։

Ըստ իրավապաշտպանի՝ կառուցողական, արդյունք տվող երկխոսությանը չվնասելու պարագայում է տրամաբանված քննարկումների չհրապարակումը։

«Բայց մենք տեսնում ենք, որ այդ երկխոսության ճանապարհին՝ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ պատանդներին»։

Օբյեկտիվության պահպանման նպատակով՝ Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը վերադարձրել է 210-ից ավելի գերիների, սակայն չի մոռանում հիշեցնել 2020-ի պատերազմի օրերին գերեվարված եւ մինչ այժմ ազատ չարձակված անձանց մասին։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

«Այստեղ անհասկանալի են լռելու դրդապատճառները, քանի որ այդ խախտումները պետք է բարձրաձայնվեն, որպեսզի միջազգային աջակցություն ձեւավորվի։

Երկխոսությունը չի ապահովում խնդրի լուծումն, այսինքն՝ երկխոսությունը կառուցողական չէ, բայց ապակառուցողական երկխոսությունը փրկելու նկատառումով, խնդիրը չի հանրայնացվում եւ կոծկվում են ադրբեջանական հանցագործությունները», – բացատրում է իրավապաշտպանը։

«Կառավարությունը, քաղաքական դրդապատճառներով, ձեռնպահ է մնում ադրբեջանական ապօրինությունների ողջ ներկապնակը ներկայացնելուց», – կարծում է Սիրանուշ Սահակյանը։

Կան փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին

Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանում պատանդառված հայերի թվին, շեշտեց՝ 23-ը Բաքվի կողմից հաստատված գերիների պաշտոնական թիվն է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Ըստ Սահակյանի՝ այդ թիվն իրականում ավելի մեծ է։

«Այս գերիները ենթարկվել են բռնի անհետացման, ինչը նույնպես պատերազմական հանցագործություն է», – եզրափակում է իրավապաշտպանը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728