Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուս անգամ չհամարձակվեք, գաք ստեղ տակից գլուխ հարց տաք. Փաշինյանը բորբոքվեց, վիճաբանություն սկսվեց

Փետրվար 12,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Դուք Իլհամ Ալիեւի հետ ձեր համաձայնեցված կետերով ռեւանշիզմի դեմ պայքարի կետ համաձայնեցրե՞լ եք, թե՞ ոչ,- այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ձեր խմբակցության այս հատվածից Ազգային ժողովի հարցուպատասխանի, ելույթների ժամանակ հնչում են նախադասություններ, ես ձեզ չեմ մեղադրում, որովհետեւ դուք չգիտեք այդ նախադասությունները որտեղ ու ինչ ձեւով են ձեւակերպվել, գրվել, ես գիտեմ: Որովհետեւ ձեր բերաններից հնչեցվելուց առաջ այդ նախադասություններն ուրիշ տեղերում հնչում են իմ ներկայությամբ որպես փաստարկ ՀՀ դեմ… »:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ Վարդանյանի հարցի այն դրվագին, որ արտասահմանցիները Երեւանի կենտրոնում Ադրբեջանի օկուպացիային նվիրված երգեր են երգել, բայց ՀՀ ուժայինները ոչ թե պարզել են հանգամանքները, այլ ձերբակալել  են այդ տեսանյութը տարածողին:

«Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեզ հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են, կանգնեցրել են, երգել են տվել, համացանց են գցել, որ ՀՀ-Իրան հարաբերություններում խնդիրներ առաջացնեն: Մեկը կերգի Ղարաբաղ, մեկը կերգի Տիզբոն, մեկը՝ Մոսկվա: Մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի: Ամեն նման տափակ տեսարանից հանրությունը չպետք է ցնցվի, ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի: Իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է,  հենց ցնցվելու համար»,- ասաց Փաշինյանը:

-Կանխատեսելի եք դարձել, ձեր դեմ բոլոր ցույց անողները օտարերկրյա գործակալներ են, գիտեք՝ որտեղից են ֆինանսավորվում, ինչ տեքստեր  են ստանում, բայց այդ մարդկանց չեք բանտարկում… պարզ հարց եմ տվել՝ Իլհամ Ալիեւի մոտ ստանձնե՞լ եք պարտավորվածություն երկրի ներսում Ադրբեջանի անվանած ռեւանշիզմի դեմ պայքարում. այո, թե ոչ,- շարունակեց պատգամավորը:

-Ես պարտավորություն ունեմ միայն ՀՀ քաղաքացու առաջ, երկրագնդի վրա չկա ուրիշ մի սուբյեկտ, որի առաջ պարտավորվածություն ունենամ,-արձագանքեց Փաշինյանը՝ շարունակելով,- -ձեր ամենօրյա գործունեությամբ  ՀՀ խոցելիության լեգիտիմություն եք ստեղծում: Դուք եւ ձեր հարեւան քաղաքական խմբավորումներն ու արբանյակ ուժերը:  Ես ՀՀ քաղաքացուց բացի ուրիշ որեւէ մեկի առաջ պարտավորություն չունեմ: Ձեր ականջին օղ արեք, մյուս անգամ չհամարձակվեք գաք ստեղ տակից գլուխ հարց տաք:

ԱԺ-ում Փաշինյանի այս խոսքերից հետո պատգամավորները սկսեցին գոռգոռալ, վիճել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728