-Ցանկացած բանակցություն որոշվում է արդյունքներով. Սադարակում սկսված բանակցությունների արդյունքը եղել է Քի Վեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինով միանում էր Հայաստանին, Նախիջեւանը Ադրբեջանին կապվում էր թունելներով եւ էստակադաներով: Հիմա տեսնենք՝ ձեր բանակցությունների արդյունքը. Ձեր բանակցությունների արդյունքում մենք չունենք Արցախ, ունենք Հայաստանի օկուպացված տարածքներ, հազարավոր զոհեր, գերիներ, Ադրբեջանում դատվող ռազմաքաղաքական ղեկավարություն: Սա է ձեր բանակցությունների արդյունքը,- այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
-Դուք ասում եք՝ թափանցիկ եք եւ պատրաստ եք հրապարակել փաստաթղթեր: Հրապարակեք այդ փաստաթղթերը, հրապարակեք Քի Վեսթը, հրապարակեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք բանակցվել են նախորդ իշխանությունների օրոք: Բայց ես առաջարկում եմ սկսել 2019 թվականին ձեր սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրված վերջին խմբագրված տարբերակից, որը դուք թաքցրել եք ՀՀ քաղաքացիներից, խաբել եք ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարելով, որ բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ գոյություն չունի»,-շարունակեց Խամոյանը:
Հետո դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ով-ով, բայց դուք թաքնվելուց մի խոսեք: Ռոբերտ Քոչարյանը որեւէ մեկի թիկունքում չի թաքնվել: Նա 2018-ին դեմ է արտահայտվել ձեր գործողություններին, ոմանց նման չի փախել, եկել է, նստել է, պայքարել է, եւ այսօր էլ շարունակում է իր պայքարը: Եթե չեմ սխալվում, դուք եք փախել 2008 թվականի մարտի 1-ից հետո, դուք եք 300 մետր շարժվելու համար 3 հազար ոստիկանի եւ ՊՊԾ աշխատողի ուղեկցությամբ շարժվում: Հաստատ սա այն թեման չի, որտեղ դուք շահեկան դիրքերում եք գտնվում: Եվ վերջը 2018-ին ձեզ իշխանություն ո՞վ էր տվել: Երեկ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Սերժ Սարգսյանն է տվել, դուք այսօր ասում եք՝ չէ, Կարեն Կարապետյանն է տվել: Բա որ եկաք, տեսաք, որ ամեն ինչ կորած է, վատ է, Արցախը հանձնված է, Մեղրին էնտեղ էր հանձնված, ինչի՞ էիք վերցնում իշխանությունը, ինչու էիք շրջափակում ԱԺ-ն՝ ցանկանալով ունենալ ամբողջական իշխանություն»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քի Ուեսթը 2000-2001 թվականների մասին է: Շատ լավ, թունելը ստեղից մտնելու էր, էնտեղից դուրս էր գալու, կամուրջը ստեղ էր լինելու, ձախից Պողոսն էր մտնելու, աջից՝ Վալոդը…դրանից հետո մինչեւ 2007 թվականը էդ մարդը եղել է նախագահ, թող լիներ այդ թունելը: Ո՞ւմ հետ եք կռիվ անում, ե՞ս եմ խանգարել, որ չլինի: Ես այդ ժամանակ նոր-նոր սկսում էի քաղաքական գործունեությամբ զբաղվել: Որ չեն ասում՝ թունելը տակից մտնելու էր, ո՞ւմ եք ձեռ առնում:
Կարդացեք նաև
Երկրորդը, ասում եք՝ Սերժ Սարգսյանն է տվել իշխանություն: Տո Սերժ Սարգսյանն ով է, Կարեն Կարապետյանն ով է, որ ինձ իշխանություն տան կամ չտան: Ո՞վ են ընդհանրապես իրենք, որ մի հատ էլ կարող են Հայաստանում իշխանության ճակատագիր որոշել: ՀՀ-ում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը, եւ ժողովուրդն է որոշել: Սեյրան Օհանյանը հարցրել է՝ ընդունում-հանձնում արել եք, ես էլ ասել եմ, որ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել, իրենից ընդունելու բան չեմ ունեցել: Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտկանությունները կատարողը»,- արձագանքեց Փաշինյանը:
Անդրադառնալով բանակցություններին՝ շարունակեց, թե 2019-ին ինքը որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չի եղել. «Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է: Հլը էդ թղթի վերեււմ էլ գրված է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել…»,-ասաց Փաշինյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ