Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով: Երկրի դիրքերը վատթարացել են՝ նախորդ տարվա 62-րդ հորիզոնականից նահանջելով 63-64-րդ հորիզոնական: Միջազգային հակակոռուպցիոն փորձագետների գնահատմամբ՝ 50 միավորից ցածր ցուցանիշը համարվում է համակարգային կոռուպցիայի առկայության ցուցիչ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) ողջունում է ՀՀ կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Հատկապես արժևորում ենք ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակման մասնակցային գործընթացը։ Գոհունակությամբ ենք արձանագրում ԳՐԵԿՈ-ի և ՏՀԶԿ-ի շրջանակներում ՀՀ իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը։
Դրական ենք գնահատում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառման, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ազդարարման ինստիտուտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Այնուամենայնիվ, առկա են մի շարք համակարգային մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը:
Կարդացեք նաև
Հիմնական մարտահրավերներն են՝
- Հակակոռուպցիոն կրթության, իրազեկման և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ պետական իրավասու մարմինների ոչ արդյունավետ և ոչ համակարգված գործունեությունը
Կառավարության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունը դեռևս չի ապահովում հասարակության շրջանում հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման, իրազեկվածության բարձրացման և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացում։ Հատկապես անբավարար է կրթական հաստատություններում և պետական ծառայության համակարգում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումն ու իրականացումը։
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի իրական անկախության ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը
Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկու առանցքային մրցույթները (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթը և Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի մրցույթը) բացահայտել են կադրային քաղաքականության թափանցիկության և արժանիքահեն մոտեցումների ապահովման խնդիրները։ Այս գործընթացներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության մեխանիզմների ոչ պատշաճ կիրառումը հիմնավոր մտահոգություններ է առաջացրել քաղաքական ազդեցությունների հնարավոր առկայության վերաբերյալ՝ խոչընդոտելով պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերի ներգրավմանը։
- Բիզնես միջավայրի խոցելիությունը և վարչարարության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը.
Մասնավոր հատվածում դեռևս առկա են որոշակի մարտահրավերներ, որոնք կարող են սահմանափակել գործարար միջավայրի զարգացման հնարավորությունները և ազդել ներդրումային միջավայրի գրավչության ու ազատ մրցակցության վրա։ Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմները և բիզնեսի պաշտպանվածության երաշխիքները ունեն հետագա կատարելագործման ներուժ։ Հատկանշական է նաև, որ նոր կարգավորումների վերաբերյալ հանրային իրազեկման ջանքերը կարող են էլ ավելի ընդլայնվել՝ բարձրացնելով իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության թափանցիկության և հաշվետվողականության բարելավման անհրաժեշտությունը.
Որոշ միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ոլորտում գործող հայաստանյան ՔՀԿ-ներին տրամադրվող խոշոր դրամաշնորհային ծրագրերում դեռևս առկա են մրցութային ընթացակարգերի և հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններ։ Առավել թափանցիկ, հաշվետու և մրցակցային մոտեցումների կիրառումը կարող է նպաստել ոլորտում առողջ մրցակցության ձևավորմանը և հակակոռուպցիոն ջանքերի արդյունավետության բարձրացմանը։
Հակակոռուպցիոն կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝
- աջակցել ՀՀ արդարադատության նախարարությանը 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված նպատակների և գործողությունների պատշաճ իրականացման հարցում,
- նպաստել մասնավոր հատվածի հետ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացմանը՝ կառավարության հետ կառուցողական գործընկերության շրջանակներում,
- տրամադրել փորձագիտական աջակցություն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին՝ միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու և կարողությունները զարգացնելու ուղղությամբ,
- իրականացնել մասշտաբային և համակարգային հակակոռուպցիոն կրթական և իրազեկման աշխատանքներ,
- իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության կատարման մշտադիտարկում և ներկայացնել ոլորտի հակակոռուպցիոն քաղաքականությունները բարեփոխելու առաջարկություններ։
Հակակոռուպցիոն Կոալիցիան պատրաստակամ է իր փորձագիտական և տեխնիկական ներուժը ծառայեցնել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ հանուն Հայաստանում կոռուպցիայից զերծ միջավայրի ձևավորման։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
«12» փետրվար, 2025թ․