Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպեց մարզի դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների հետ։
Մեծարելով մանկավարժներին, գնահատելով նրանց աշխատանքն ու նշելով, որ միջավայրն իր համար անծանոթ չէ․ թե՛ մայրը, թե՛ կինը մանկավարժներ են՝ մարզպետը խոսեց դպրոցներում տեղ գտած արատավոր երևույթներից։
«Դպրոցն այն օջախն է, որն զբաղվելու է իր վրա դրված լիազորությունների կատարմամբ, ուրիշ ոչ մի բանով, դպրոցն աշխատանքի տեղավորման վայր չէ»,-շեշտեց Շիրակի մարզպետը՝ միաժամանակ անթույլատրելի համարելով տնօրենների լիազորությունների չարաշահումն ու դպրոցների վրա արտաքին ազդեցությունը։
Կարդացեք նաև
«Դպրոցի յուրաքանչյուր աշխատակից հստակ պիտի իմանա իր գործառույթը, արտոնյալներ դպրոցում գոյություն չպիտի ունենան։ Եկեք պարզ խոսենք․ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ, եթե շատ խորը հետ գնանք, այդ ամենը կրթության թերի լինելու, կրթության պակասի պատճառով է տեղի ունեցել։ Եվ ես չեմ ուզում, որ անցնեն տարիներ ու մեր այսօրվա սերունդը, որից դուրս են գալու ապագայի կառավարիչները, ունենան նման խնդիր։ Այսօրվա մեր արած սխալի համար 30 տարի հետո պատասխան են տալու մեր սերունդները, կուզենայի այդ պատասխանատվությամբ շարժվենք առաջ՝ գիտակցելով, որ Հայաստանի, մեր քաղաքի, մարզի ապագայի համար ենք աշխատում», -ասաց մարզպետը։
Նա անդրադարձավ որոշ դպրոցներում տնօրենների և վարչատնտեսական համակարգողների միջև եղած կոնֆլիկտներին, նշեց, որ նրանց փոխհարաբերություններում պետք է գերիշխի ոչ թե անձնական շահը, այլ դպրոցի շահը։
«Չեմ թույլատրելու որևէ դպրոցում որևէ գործընթաց, որը խաթարելու է մեր երեխաների ուսման պրոցեսը, եթե դպրոցում կա կոնֆլիկտ մեծերի կողմից, երեխեքը միանշանակ զգում են ու տանում են տուն։ Ես ուզում եմ Շիրակի մարզում ու Գյումրիում մանկավարժ, տնօրեն տեսնելուց սթափվեն, նրանց վաստակը մեր երեխայի կյանքում այնքան մեծ է, որ յուրաքանչյուր ոք նրանց տեսնելիս պիտի զգաստանա»,- ասաց Դավիթ Առուշանյանը։
Նա խոսեց ավելորդ հաստիքներից, նախազգուշացրեց զերծ մնալ դպրոցն աշխատանքի տեղավորելու վայր դիտարկելուց, որովհետև դա անմիջականորեն ազդելու է կրթության որակի վրա։ Ըստ Դավիթ Առուշանյանի, ամեն ինչ անելու է, որ ծախսերը լինեն նպատակային, 21-րդ դարում աշխարհն անցել է սմարթ գրատախտակների, մինչդեռ մեր դպրոցներում կավիճով գրատախտակների վրա են դաս սովորեցնում երեխաներին։
Նա նաև նշեց, որ կողմ է՝ դպրոցներում խնդիրները շուտ հայտնաբերեն ու լուծում տան, որպեսզի այլ կառույցներ դպրոցներ չմտնեն ու չարաշահումներ հայտնաբերեն։
«Հաստիքացուցակների մասով կասեմ՝ դպրոցներում չեն լինելու մարդիկ, որոնք ուղղակի աշխատավարձ կստանան։ Մտածելով, որ հեռավոր մի գյուղում, որը մարզկենտրոնից, մարզպետարանից ու մարզպետից հեռու է, կարելի է մորքուրի աղջկան վերցնել օպերատոր, ես ուղղակի օրինակ եմ բերում, որը աշխատանքի չի հաճախելու․․․․ Պետական կառույցների հանդեպ օրենքի պահպանումը խիստ վերահսկելի է։
Գիտեք մեր մարզը Մոսկվան չէ, Գյումրի քաղաքն՝ առավել ևս, ամեն ինչ ձեռքի մեջ է, ամեն ինչ շատ հեշտությամբ իմացվում է ու պարզվում։ Խնդիր չեմ տեսնում, երբ որևիցե տնօրենի մոտ իր աղջիկն աշխատում է դպրոցում, խնդիրը տեսնում եմ նրանում, որ նա պարզապես աշխատավարձ է ստանում՝ առանց աշխատանքի հաճախելով։
Գիտեմ, որ հատկապես գյուղերում կինն էլ, ամուսինն է դպրոցներում աշխատում են, օրենքի խախտում չունենք, այդտեղ որևիցե բան չեմ տեսնում, ընդհակառակը մտածում եմ ընտանիքի անդամների հետ ավելի պատասխանատու են աշխատում՝ մեջ մեջքի տված, բայց խնդիր եմ տեսնում, երբ մարդիկ ուղղակի գրանցված են, աշխատանքի չեն հաճախում։
Չեմ ուզի, որ որևէ պետական կառույց, ասենք՝ ոստիկանություն մտնի դպրոց, երբ նրանք մտնում են դպրոց աշակերտի հոգեվիճակի, պատկերացումների մեջ բան է փոխվում, կապ չունի ինչի համար են մտնում, հինգ րոպե մտան, զրուցեցին, դուրս եկան, թեկուզ հարցեր պարզաբանելու, այդ ամենը շատ արագ փաթեթավորվում ու դուրս է գալիս։
Իմ կողմից ձեր աշխատանքն այնքան բարձր է գնահատվում, որ չեմ ուզենա որևէ բան ստվեր գցի ձեր վեհ կերպարի վրա, որը մանկավարժն ու տնօրենն են», -եզրափակեց մարզպետը՝ նշելով, որ ինքը դպրոցների պաշտպանն է լինելու ու պատրաստ է խնդիրները տնօրենների հետ անձամբ քննարկելու․ լուծումներ գտնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ