«Հանուն Արցախի» միավորումը, որը բաղկացած է արցախյան ու հայաստանյան տասնյակ կազմակերպություններից, խստիվ դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 11-ի տխրահռչակ հայտարարությունը, որով նա մեղադրեց Արցախի ժողովրդին չմնալու և չկռվելու մեջ:
Սա ՀՀ իշխանությունների հերթական ատելության խոսքն է ուղղված Արցախի ժողովրդին՝ քողարկելու համար իրենց մեծագույն մեղքերն ու սխալներն Արցախի անկման հարցում: Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, թե ովքեր էին իրենց գործողություններով նպաստում հյուծող շրջափակման խորացմանը, ովքեր են ամբողջապես հրաժարվել Արցախի հանդեպ անվտանգային, իրավական ու քաղաքական պարտավորությունների կատարումից, ովքեր են բացարձակապես միայնակ թողել Արցախի մաքառող ժողովրդին բազմակի անգամ ուժեղ թշնամուն դեմ հանդիման:
Իսկ կարո՞ղ է սույն անձնավորությունը բացատրել, թե որն է իր դրդապատճառը նման վտանգավոր ու զազրելի հայտարարություններ անելիս՝ ակնհայտ պատասխանատվությունից ու մեղավորությունից խուսափե՞լը, Արցախի հանդեպ արհեստական ատելության չափաբաժինը մեծացնե՞լը, հայ ժողովրդի պառակտումն էլ ավելի խորացնե՞լը, թե՞ մեկ այլ վերերկրային ու բարի նպատակ, որը հասու չէ տառապյալ ու մոլորյալ մահկանացուներիս…
Ի դեպ, եթե Արցախի ժողովուրդը չմարտնչեր նույնիսկ նման լքված ու հյուծված վիճակում, ապա 24 ժամում չէր պատճառի ադրբեջանական կողմին մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմն էր ունեցել (ավելի քան 200): Ավելի՞ն էիք փափագում…
Կարդացեք նաև
Պատմությունը հիշում է պայքարողներին, բայց էլ ավելի երկար է հիշում նրանց, ովքեր դիտավորյալ ձախողում են իրենց ստանձնած պարտավորությունները՝ հանգեցնելով պատմական ողբերգությունների:
«Հանուն Արցախի» միավորում