«Քաղցկեղը դատավճիռ չէ և հաղթահարելի է». այս կարգախոսի ներքո այսօր՝ փետրվարի 12-ին Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն այցելեցին տարիներ առաջ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ֆինանսավորմամբ բուժում ստացած երեխաները՝ Թամարան, Հրանտը, Ռոմիկը և Լյուսիան, որոնք նվերներ բաժանեցին այժմ բուժում ստացող փոքրիկներին։
Լրագրողների հետ զրույցում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան արձանագրվում է միջինում 80-100 առաջնակի քաղցկեղի դեպք 0-ից 18 տարեկան երեխաների շրջանում։
Սարգսյանը նշեց նաև, որ այս տարի առաջնակի քաղցկեղի աճ է գրանցվել, որը հասնում է մոտավորապես 130-ի, նրա կարծիքով՝ բարձր ցուցանիշը կապված է ավելի շատ դիմելիությամբ և ժամանակակից եղանակների ախտորոշմամբ։
Կենտրոնում բուժում ստացած 12-ամյա Լուսյան, որը հաղթահարել է հիվանդությունը, ասում է, որ հաղթահարման ճանապարհը հեշտ է եղել իր համար, քանի որ իր կողքին է եղել ընտանիքը, ընկերները։
Կարդացեք նաև
12-ամյա Լուսյայի երազանքը ապագայում բժիշկ դառնալն է, որ կարողանա անվճար օգնի այն երեխաններին, ովքեր ունեն նույն առողջական խնդիրը։
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ հիմա երեխաների բուժումը ծնողների վրա որևէ ֆինանսական բեռ չի դառնում և բուժումը կախված չէ ծնողի ֆինանսական վիճակից։
«Մենք շուրջ 900 երեխայի ֆինանսավորել ենք և այդ երեխաներից արդեն 500-ն ավարտել են բուժումը, ինչը մեզ համար շատ ոգևորիչ է»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 100 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ։ Մեր երկրում քաղցկեղ ախտորոշմամբ 100 երեխայից 70-ը կարողանում են հաղթահարել հիվանդությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանում ունենք քաղցկեղի 70-75% բուժելիություն։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում քաղցկեղ ախտորոշմամբ 5 երեխաներից 4-ը լիովին ապաքինվում են, մինչդեռ տնտեսապես ցածր զարգացման աստիճան ունեցող բազմաթիվ երկրներում քաղցկեղ ունեցող 5 երեխաներից միայն 1-ն է հաղթահարում այն։
Էմմա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ