ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կառավարության անդամներին հորդորեց եւս մեկ անգամ պարզաբանել, ինչի՞ համար է շրջանառության հարկի վերաբերյալ փոփոխությունը, եւ արդյոք մարդկանց հարկային բեռն ավելանո՞ւմ է։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան անդրադարձավ առք ու վաճառքի ոլորտում գործունեություն ծավալողներին։ Ըստ նրա՝ այդ ոլորտում զբաղված շրջհարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչեւ 10 մլն դրամի շրջանառություն։
«Եթե մենք վերցնենք, 10 մլն-ի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտ 27 հազար դրամի առեւտուր են անում մեր սիրելի հայրենակիցները։ Մեր գործընկերների հետ երբ հաշվարկում ենք, տնտեսագիտական հաշվարկով այս բիզնեսները պետք է գոյություն չունենան։ Տարեկան մաքսիմում վճարում են 500 հազար դրամ հարկ։ Շատ է քննարկվում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել։ Այո, մենք նաեւ դրա համար ենք հեղափոխություն արել, որ բոլորս մեր հարկային պարտավորությունները թափանցիկ իրականացնենք։
Մյուս կողմից, ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չենք ստանում։ Խնդիրը հետեւյալն է՝ 61 տոկոս բիզնեսը տնտեսագիտական հաշվարկով պետք է գոյություն չունենա, բայց ինքը ո՞նց գոյություն ունի։ Իրենց ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար։ Կառավարությունը հա պետք է նստի ու նայի, ասի՝ հա, այդպես էլ կա՞»,- նշեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իրենք հարկերը նվազեցրել են, եթե քաղաքացին իր ապրանքներն օրինական գրանցի, օրենքով սահմանված հարկերը նվազում են, դառնում են մեկ տոկոս։
Փաշինյանը հավելեց, որ եթե փոքր բիզնեսն ասում է, որ խոշորները փաստաթուղթ չեն տալիս, կառավարությունը գնալու է այդ փաստաթուղթ չտվողի հետեւից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային