«Մեկնարկը նոր է տվել՝ փետրվարի 1-ից, բայց քանի որ այդ օրը շաբաթ էր, հիմնական դիմումների հոսքը սկսվեց երկուշաբթի օրվանից : Ըստ էության, մի քանի օր է, որ ընդունում ենք դիմումներ, դրանք ընդունում ենք օնլայն տարբերակով: Նույնականացման քարտեր չունեցողները կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն, որտեղ նույն գործընթացը կրկին շատ արագ կիրականացվի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին, որտեղ արդեն հաստատվել է 1000 անձի դիմում։ Դիմումների ընդունման ժամկետի համար մեկ տարի է սահմանված։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հայտնեց, որ անցյալ տարվա հոկտեմբերի տվյալներով անհուսալի վարկեր ունեցողների թիվը 220 000 էր, իսկ ծրագրի մոտավոր շահառուների թիվը, նրա կանխատեսմամբ՝ կկազմի այդ 220000-ի 60 %-ը:
Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի համար կարող են դիմել գրանցված աշխատողները, եւ շահառու ճանաչվելու դեպքում՝ աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20 %՝ 24 ամիս ժամկետով:
Նա նշեց նաեւ, որ դիմումներն ընդունվում են e-social.am/services հարթակում, որտեղ մուտք գործելուց հետո պետք է սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» կոճակի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը եւ ներկայացնել դիմումը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ