«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ուզում էր ստանալ Ադրբեջանից խաղաղության փաստաթուղթ։ Կգնար, ընտրազանգվածին ցույց կտար, կասեր՝ հեսա խաղաղության պայմանագիրը։ Խոստացել էի։ Իրականությունը դասավորվեց այնպես, որ նույնիսկ այդ դատարկ թուղթը Ալիևը պատրաստ չէ ստորագրել։ Հետևաբար նման ֆարս է պետք մոգոնել»,-խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծին։
Աննա Գրիգորյանը նաև նկատեց․ «ՀՀ-ն այս իշխանության օրոք է հայտնվել ԵՄ ավիացիոն սև ցուցակում, ՀՀ-ն ամբողջովին կախված է ԵԱՏՄ շուկայից։ Այս իշխանությունն արդեն յոթ տարի իշխանություն ունի և CEPA-ն 40 տոկոսով է իրականացրել։ Հիմա ասում են՝ մենք գնում ենք, ԵՄ անդամ դառնանք։ Ուղղակի ծիծաղելի է»։
Ըստ Աննա Գրիգորյանի՝ նաև աշխարհագրությունը պետք է հաշվի առնել․ «Մեր հարևան Վրաստանն ինչո՞ւ մինչև հիմա ԵՄ անդամ չէ։ Անդամակցության թեկնածություն ստացել է, ինչո՞ւ դեռ ԵՄ անդամ չէ։ Օդապարիկո՞վ ենք գնում ԵՄ։ Ի վերջո, աշխարհագրությունն իրենն ասում է, չէ՞»։
ԱԺ ամբիոնից քպ-ականներին դիմելով՝ նա նաեւ անդրադարձավ «Մեղրիի փոխանակման» ծրագրին, պնդելով, թե Ալիևի կողմից է եղել փոխանակման ծրագրի առաջարկ։ Բանակցությունների արդյունքում ձևավորված առաջարկը Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից դարձել է Քի-Վեսթի փաստաթուղթ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը Լաչինով պետք է դառնար Հայաստանի մաս, իսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ էր ստանում։ Փաստաթղթում որևէ տեղ Մեղրի անունը չկա։
Կարդացեք նաև
«Հիմա Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, դուք նորից խոսում եք Նախիջևան-Ադրբեջան կապ տրամադրելու մասին, երեկ էլ խոսվեց, որ անխոչընդոտ, անկանգառ կապ եք պատրաստվում տալ։ Դուք հասկանո՞ւմ եք բանակցությունների էության տարբերությունը՝ որտե՞ղ ենք եղել և հիմա որտե՞ղ ենք հասել։ Դուք Մեղրիում եղել եք, չէ՞. Մեղրին իր տեղում է, չէ՞, չի կորել Մեղրին։ Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ