ՀԿԴ-ում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ այսօր կայացավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանից եւ Լամարա Խուդավերդյանից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործի դատական նիստը:
Պատասխանող կողմի փաստաբանական թիմն ավելի վաղ միջնորդել էր, որպեսզի արագացված դատաքննություն իրականացվի հիմնավորմամբ, որ դատախազության ներկայացրած դրամական պահանջները, որ պետք է բռնագանձվեն օրինական գույքերից, անհիմն են, որովհետեւ չէր կարող օրենքի հետադարձության ուժը կիրառվել: Դատարանը այսօր այդ միջնորդությունը մերժեց:
Կարդացեք նաև
«Հիմա հասել ենք այն փուլ, որ դատարանը պետք է ապացուցման բեռը բաշխի»,-ասաց Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը Aravot.am-ին: «Այսինքն, դատարանը պետք է որոշի գործի համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը եւ ասի, թե այդ փաստերից որ մեկը որ կողմն է ապացուցելու: Մենք ասում ենք, որ այս գործով հիմնական փաստերի ապացուցողը դատախազությունը պետք է լինի՝ սկսած այն պահից, թե արդյոք վարույթ հարուցելը, ուսումնասիրությունը, որ արել էին Հրայր Թովմասյանի գույքի նկատմամբ, օրինական է: Այսինքն, հիմքեր եղե՞լ են այդ ուսումնասիրությունը սկսելու, թե չէ: Մեր խորին համոզմամբ հիմքերը չեն եղել: Օրենքը թերի էր այն ժամանակ: Հետո օրենքը փոփոխեցին, բայց դա արդեն չէր կարող վերաբերվել հարուցված վարույթին: Սա պետք է իրենք ապացուցեն: Պետք է ապացուցեն, որ վարույթը պատշաճ իրականացրել են՝ բոլոր ապացույցները, որ պետությունը տիրապետում է Հրայր Թովմասյանի օրինական գույքերի մասով, պետք է դատախազությունը ապացուցի: Այսինքն, պատշաճ ուսումնասիրություն անելու փաստի ապացուցման բեռը պետք է դատախազությունը կրի:
Պատասխանողը չպետք է դատախազության թերի արածը շտկի: Պատասխանողը կարող է ապացուցել այնպիսի օրինական գույքերի առկայությունը իր մոտ, որի մասին օբյեկտիվորեն պետությունը կարող է եւ չիմանար: Բայց մնացած բոլոր գույքերը, որի վերաբերյալ պետությունը ինֆորմացիա ունի, դրա մասին պետք է դատախազությունը պատշաճ ուսումնասիրությունը աներ, դրանց առկայությունը վեր հաներ եւ եթե դրանից հետո գույքեր կմնային, որոնց մասով դատախազությունը օրինական եկամուտ չէր դիտի, նոր գար՝ հայցով դատարան: Դատախազությունը նաեւ պետք է ապացուցի գույքերի շուկայի կատարված գնահատականները, թե որքան են, որքան չեն, պետք է այս գործով ապացուցի, որ Ալեք Մանուկյան եւ Բաղրամյան փողոցների երկու գույքերը իրո՞ք Հրայր Թովմասյանն է ձեռք բերել եւ Հրայր Թովմասյանինն են: Նաեւ պետք է ապացուցի, որ դրանից վարձակալական գումարներն էլ հենց Հրայր Թովմասյանին են գնացել: Պետք է ապացուցեն, որ Հրայր Թովմասյանն ուներ 142 միլիոն դրամի ապօրինի գույք, դրա առկայությունը պետք է դատախազությունը ցույց տա, որովհետեւ մեր խորին համոզմամբ՝ այդ գույքը չի կարող բռնագանձվել Հրայր Թովմասյանի օրինական գույքերից:
Եվ պատասխանող կողմն էլ, մենք էլ պետք է ապացուցենք այնպիսի օրինական գույքերի առկայությունը, որոնց մասին պետությունը օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել, բայց դրանք կան: Դրանով ամբողջությամբ կհերքվի, որ Հրայր Թովմասյանից բռնագանձվող այս գույքերը ունեն ապօրինի ծագում: Մեր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները, մեր վերլուծությունները վկայում են, որ Հրայր Թովմասյանի բոլոր գույքերը օրինական են: Հետեւաբար, այս հայցն ամբողջությամբ անհիմն է, որը մենք կապացուցենք»,-ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ