Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսլինի» ընթերցողները տեղեկություններ են ստանում տաղանդավոր ու շնորհալի նկարիչների մասին. Աննա Ասատրյան

Փետրվար 12,2025 15:39

«Առավոտի» հարցազրույցը ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի հետ:

– Տիկին Ասատրյան, օրերս լույս կտեսնի «Ռոսլին» արվեստի հանդեսի 2024 թվականի 4-րդ՝ ձմեռային համարը։ Մեզ հայտնի դարձավ, որ այսուհետ «Ռոսլինը» հրատարակվելու է որպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտահանրամատչելի հանդես։

Խնդրում եմ ներկայացնեք, թե ինչպես ծնվեց այդ գաղափարը։

 

– «Ռոսլին» արվեստի հանդեսն իր տեսակի մեջ միակն է այսօր Հայաստանում հրատարակվող մամուլի մեջ՝ տարեկան 4 համար պարբերականությամբ տպագրվող գիտահանրամատչելի պատկերազարդ հանդես, որն ընթերցողին է ներկայացնում հայ դասական ու ժամանակակից արվեստը, Հայաստանի գեղարվեստական կյանքում տեղի ունեցող առավել նշանակալից իրադարձությունները և այլն։ Արդեն չորրորդ տարին է, ինչ այն հրատարակվում է իր գործի նվիրյալ արվեստաբան Վրեժ Առաքելյանի նախաձեռնությամբ ու եռանդուն ջանքերով։

Այն օրերին, երբ հայ ժողովուրդն ապրում էր իր պատմության հերթական ողբերգական շրջանը՝ 44-օրյա պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով, ամենակուլ համավարակի զոհ էին դառնում մեր հայրենակիցները, հարազատներն ու մտերիմները, երբ թվում էր, թե կյանքը կանգ է առել ու ամեն ինչ անիմաստ է ու անհեռանկար՝ Վրեժ Առաքելյանն իր գործի հանդեպ անսասան հավատով վարակեց նաև մեզ։

«Ռոսլինը» ստեղծվել ու կայացել է իմ աչքի առաջ, նաև՝ իմ համեստ մասնակցությամբ՝ ստեղծման առաջին օրվանից, Վրեժ Առաքելյանի առաջարկությամբ, ես դարձա հանդեսի արվեստի բաժնի խմբագիրը։ Այսպես էլ սկսվեց նորաստեղծ «Ռոսլինի» ու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությունը։ Հատուկ «Ռոսլինի» համար հոդվածներ են գրել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, արվեստագիտության թեկնածուներ Մարգարիտա Քամալյանը, Գայանե Պողոսյանը և Անուշ Ասլիբեկյանը, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը, Արմինե Պետրոսյանը և Ձեր խոնարհ ծառան, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին հայցորդներ՝ արվեստագիտության թեկնածուներ Հռիփսիմե Վարդանյանը, Սաթենիկ Մելիքյանը, Նարե Նադարյանը և այլք՝ նպաստելով արվեստագիտական արդյունքի հանրայնացման հույժ կարևոր գործին։

Ու քանի որ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ու «Ռոսլին» արվեստի հանդեսն արդեն 4 տարի de facto համագործակցում են, ուստի 2025 թվականի տարեսկզբին որոշեցինք համագործակցությունը դարձնել de jure։ Այսուհետ «Ռոսլինը» հրատարակվելու է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հովանու ներքո, և հանդեսի աշխատակազմն էլ իր գործունեությունը ծավալելու է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հրաշալի անձնավորություն, արվեստի նուրբ գիտակ Գրիգոր Մովսիսյանին և նրա տիկնոջը՝ Նաիրա Կարապետյանին, քանի որ «Ռոսլինը» հրատարակվում է նրանց մեկենասությամբ։

Ուզում եմ հատուկ ընդգծել «Ռոսլինի» աշխատակազմի՝ խմբագիր Մարտին Հուրիխանյանի, պատասխանատու քարտուղար՝ արվեստաբան Սիլվիա Մանուչարյանի և գեղարվեստական խմբագիր՝ Հայաստանում ճանաչված դիզայներ Արամ Ուռուտյանի պրոֆեսիոնալ բարձրակարգ աշխատանքը։

– Խնդրում եմ ներկայացնեք այս համարի համառոտ բովանդակությունը։

– Ինչպես արդեն նշեցի՝ «Ռոսլինն» իր ընթերցողին է ներկայացնում հայ դասական կերպարվեստի երևելի ներկայացուցիչների՝ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունը։

Այս համարում ընթերցողը կգտնի հետաքրքիր հոդվածներ Արա Հարությունյանի ու Արտաշես Հովսեփյանի մասին։

Արվեստաբան Ախինովա-Հարությունյանի հոդվածը նվիրված է հայ մեծավաստակ արձանագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությանը։

Իսկ արվեստաբան Օհաննա Էլոյանը բացահայտել է ավանդույթն ու արդիականությունը ականավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի խաչքարերում, որոնք նա կերտել է 1970-2000-ներին՝ մեծապես նպաստելով խաչքարի վերածննդին դեռևս խորհրդային տարիներին։

«Ռոսլինի» ընթերցողները տեղեկություններ են ստանում նաև այսօր մեր կողքին արարող տաղանդավոր ու շնորհալի նկարիչների մասին։

 

Այս համարում տեղ է գտել ծավալուն հոդված ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի մասին։ Առաջին 2 արարներում գրող և հրապարակագիր Մարտին Հուրիխանյանի «Գույնը որպես գեղեցիկի, սիրո, արարման փառաբանում» խորագրով հարցազրույցն է նկարչի հետ, իսկ Արար 3-ում արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը «․․․Եվ ոչ մի ֆալշ նոտա Խաչատուր Ազիզյանի արվեստում» հոդվածում ներկայացնում է նկարչի ստեղծագործության արվեստաբանական վերլուծությունը։

Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը ««Ցուրտ ու մութ»-ի տարիների սերնդից ծնված լուսաշող արվեստ» հոդվածում ուրվագծել է Պետրոսյան գերդաստանի արժանավոր շառավիղ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն, “Arev Art Gallery” ցուցասրահի հիմնադիր, նկարչուհի Արևիկ Պետրոսյանի ստեղծագործական դիմանկարը։

«Ռոսլին» հանդեսի հիմնադիր-խմբագիր Վրեժ Առաքելյանի «Տաշչյանի երկրում» հոդվածը նվիրված է գեղանկարիչ, գծանկարիչ և ծաղրանկարիչ Ալեքսան Տաշչյանի արվեստին։

«Ռոսլինն» անդրադառնում է սփյուռքահայ արվեստի գործիչներին ևս։

Համարը սկսվում է ամերիկահայ ականավոր նկարիչ Արշիլ Գորկու մասին Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյի «Բնօրինակություն․ հանճարի դերը» հոդվածով։

«Մայրության, անմեղության, կարոտախտի երգեր» հոդվածում արվեստաբան, Հայաստանի նկարիչների միության արվեստաբանական բաժնի բյուրոյի անդամ Արմեն Առուստամյանը ներկայացրել է Բյուզանդ Կոջամանյանի (1909 – 1993) ստեղծագործական դիմանկարը։

«Ռոսլինի» էջերում լուսաբանվում են Հայաստանի գեղարվեստական կյանքում ներկայումս տեղի ունեցող կարևոր իրադարձությունները ևս՝ մասնավորապես՝ ցուցահանդեսները, ներկայացվում են նոր հրատարակված արժեքավոր աշխատությունները և այլն։

Այս համարում ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ ՄԵլիքյանի «Նկարչի նոր և գունեղ ասելիքը» հոդվածը՝ նվիրված ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, տաղանդավոր նկարիչ Արա Հրավարդի Հակոբյանի՝ թվով 6-րդ անհատական ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ 2024թ․ գարնանը «Թեքեյան» մշակութային կենտրոնում և որի ընթացքում ցուցադրվեցին 12 տարվա ընթացքում վրձնած շուրջ 30 գեղանկար։

– ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ինչպես հայտնի է, բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի բոլոր ճյուղերը։ Իսկ «Ռոսլինը», ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, կերպարվեստի հանդես է։ Արդյոք հանդեսում տպագրվո՞ւմ են նաև արվեստի մյուս ճյուղերին նվիրված հոդվածներ։

– Այո։ «Ռոսլինն» անդրադառնում է հայ արվեստի երևելին ներկայացուցիչների հոբելյաններին։ Այս համարում տեղ է գտել ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի՝ անվանի ճարտարապետ Միքայել Մազմանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված «Միքայել Մազմանյանի ստեղծագործական ուղին» հոդվածը։

Այս համարի «երաժշտական հնչողությունն» ապահովում են 2 հրապարակումները։

Ոչ ստանդարտ ձևաչափով ես ներկայացրել եմ իմ՝ 2023-ին լույս տեսած «Ohannes Tchekidjian: Life and Career» մենագրությունը՝ նվիրված ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցա­նակ­ների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին։ Աշխատության շնորհանդեսը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում։

Օրեր անց՝ 2025 թվականի մարտի 20-ին իր հիմնադրման 100-ամյակը կբոլորի հայ երաժշտարվեստի լեգենդար կոլեկտիվներից մեկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը․ 100-ամյա երիտասարդը» հոբելյանական հոդվածում ՀԱՖՆ մամլո քարտուղար Աստղիկ Դալլաքյանը ներկայացրել է նվագախմբի անցած ուղին և վերջին տարիների ձեռքբերումները։

Մի գաղտնիք բացեմ։ «Ռոսլինի» 2024 թվականի 2-րդ համարում լույս տեսավ իմ հեղինակած «Կարո Ավեսյան․ դիմանկարի նրբագծեր» հոդվածը, որտեղ համառոտ ուրվագծել եմ լիբանանահայ տաղանդաշատ կոմպոզիտոր և դիրիժոր Կարո Ավեսյանի ստեղծագործական դիմանկարը։ Իսկ ահա 2025 թվականին սկսելու եմ շարք՝ «Աշխարհասփյուռ հայ երաժիշտները» խորագրով, և յուրաքանչյուր համարում հայ ընթերցողին ներկայացնեմ Հայաստանից դուրս գործող հայ երաժիշտներին։

– Իսկ ինչպես կարելի է ձեռք բերել հանդեսի այս համարը։

– «Ռոսլինը» տարածվում է անվճար։ Կարելի է ծանոթանալ հանրապետության գրադարաններում, ինչպես նաև հանդեսի կայքում և ֆեյսբուքյան էջում։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728