Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները սպարտացիների նման պետք է մնային ու 120 հազարն էլ զոհվեի՞ն»․ Արմեն Ռուստամյան

Փետրվար 12,2025 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիների մասին հայտարարություններին։

«Արցախահայությունը գիտի, թե ինչ է արել։ Այս իշխանությունները չեն հասկանում, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, իրենց հայտարարություններն այլեւս ոչ ոք լուրջ չի ընդունում կամ ինչ-որ նեղ շրջանակ է լուրջ ընդունում։ Նույն արցախահայերը լսում են, չէ՞, թե այս մարդն ինչ է ասում, նրանք գիտեն՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, իրական վկաներ են այդ մարդիկ։ Ո՞նց կարելի է այդ մարդկանց աչքերին նայելով ասել՝ դուք եք մեղավոր։ Ասում է՝ արցախցիներն են մեղավոր, որ չեն կռվել մինչեւ վերջ։ Այսինքն՝ սպարտացիների նման պետք է մնային ու 120 հազարն էլ զոհվեին, հա՞»,- ասաց Ռուստամյանը։

Հարցին, որ Ալեն Սիմոնյանը շեշտում է, թե քաղաքական իշխանությանը նկատի ունի, Ռուստամյանը պատասխանեց, որ քաղաքական իշխանությունը ժողովրդից կտրված չէ, ժողովուրդն է ընտրել նրանց։ «Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ, իշխանությունը մնաց անտեր, այդ անտեր վիճակը չեն թողել, որ մնա։ Դրոշը գցել էին փողոցում, դրոշը վերցնող էր պետք, դրոշը վերցրել են այդ մարդիկ։ Հիմա նրանց մեղադրում են նրա համար, որ տեր են կանգնել, անտեր չեն թողել ժողովրդին։ Դա էլ եթե չլիներ, անիշխանությունն ավելի վատ էր»,- ասաց Ռուստամյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է՝ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները Հայաստանի ու ՀՀ իշխանության դեմ են։ «Ռուբեն Վարդանյանին ու մյուսներին վարկաբեկում էին, ասում էին՝ հլա հարց է, թե ով է, ինչո՞ւ է եկել։ Հիմա հասկացան, որ այդ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի ու մյուսների նկատմամբ չէ, Հայաստանի նկատմամբ է, Արցախի նկատմամբ է, Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ է։ Հիմա սկսել են ամեն տեղ գրել, որ շինծու դատավարություններ են տեղի ունենում, որովհետեւ հասկացան, որ այդ դատավարությունների թիրախն իրենք են։ Քանի դեռ իր մաշկին չհասավ վտանգը, հասկացավ, որ չի կարելի այդ մարդկանց քավության նոխազ համարել։ Ադրբեջանը շատ հստակ ծրագիր է իրականացնում, ինքը Հայաստանը դիտելու է որպես ագրեսոր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գնացել ասել է՝ Արցախ չկա։ Նիկոլ Փաշինյանը, դուրս մղելով Արցախին, ինքն է եկել մեջտեղ, դա այն է, ինչ ուզել է Ալիեւը։ Արցախի գործոնը վերացնելով՝ Հայաստանն ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Եվ պատերազմի հետ կապված ամբողջ պատասխանատվությունն ուղղվել է Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ 26-ը մայիս, 2023 թ.  Արցախ, վերջին զանգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728