«Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, և դրանք ավելի քան ակնհայտ են», – ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է. «Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց իհարկե, իրենք՝ հայերը, և բոլորը պետք է հասկանան, թե որքանով է սա փոխադարձ ցանկություն, և ինչպես են իրենք՝ եվրոպացիները վերաբերում դրան»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք՝ հավանաբար Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի և ժողովրդի շահերի համար»։
Պեսկովը կարծում է՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը։ «Գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք տասնամյակներով հերթի մեջ են հայտնվել այս գործընթացում»,- ընդգծել է նա: