ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, որը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանն իր հայտարարության համար պետք է ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից։
Սամվել Շահրամանյանը նաեւ հորդորել է, որ Ալեն Սիմոնյանն ասի, թե ով եւ ում էր զանգում Արցախից եւ խնդրում բացել այսպես կոչված սահմանը։
«Միանշանակ է, որ խոսքը չի կարող որեւիցե ժողովրդի մասին գնալ, եւ ես երեկ էլ եմ դրա մասին ասել։ Ես երեկ մի չորս անգամ ասել եմ՝ շատ ու շատ մարդիկ կռվել են ու իրենց կյանքերն են զոհել, դրա մասին չէ խոսքը։ Ո՞ւմ մասին է խոսքը, բոլորը շատ լավ հասկացել են։ Ի՞նչ վերաբերում է Շահրամանյանին, նախ հլը մինչեւ նամակ գրելը, թող մի հատ պատմի՝ ինքը ո՞նց է իր «ախրաննիկներով» (թիկնապահներով.-խմբ) կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել դուրս գալ։ Այդ ո՞նց է ստացվել, որ ինքը ստեղ է հայտնվել։ Երկրորդը, եթե ինքը հարց ունի, նամակների բաժին կա ԱԺ-ում, կարող է դիմել, եւ ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե կարող է եւ պատասխանեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե չի զղջո՞ւմ իր հայտարարությունների համար, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որեւէ բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում իրենց կառուցած «ասաբնյակները» (առանձնատները.-խմբ) , որոնք այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, այլ կապում էին երկրից դուրս գալու հետ։ Եվ ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր զոհվել են, ես երեկ ամբիոնից էլ եմ դրա մասին ասել՝ փառք ու պատիվ մեր զինվորներին, բայց երկիրը դատարկելը, գյուղը, քաղաքը դատարկելը․․․ ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում, դուք մոռանո՞ւմ եք այդ պատմությունները, ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները, այն ժամանակվա պատգամավորները, աշխատավարձը վերցնում էին մեր մոտից, դուրս էին գալիս Հայաստանի իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս։ Լույսի փողը մենք վճարում էինք, իրենք գնում էին, ասում էին՝ Հայաստանը մեզ ոչինչ չի արել։ Չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լրագրողները հորդորեցին անուններ հնչեցնել՝ ո՞ւմ նկատի ունի։ Ալեն Սիմոնյանն անուններ չտվեց, ասաց, որ քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ու պարտականություն ունի։ «Երբ որ ժամանակը կգա, անուններ էլ կտամ, բայց անուններ տալու կարիք էլ չկա։ Ասում եմ՝ այն մարդիկ, ովքեր ուզում էին առաջին օրվանից դատարկել Ղարաբաղը։ Իսկ դատարկել Ղարաբաղը ու զինվորին կանգնեցնել «պոստին» (պահակակետ.-խմբ.) , ասել՝ դուք պաշտպանիր, մենք գնացինք․․․»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Երեկ ես ինչո՞ւ ջղայնացա, որովհետեւ լրագրողը եկել է, ասում է՝ բա երբ ենք վերադառնում։ Այ իմ զայրույթը այդտեղից է, որ պետք չէր Ղարաբաղը դատարկել, քաղաքական բանի մասին է, պարզ է, ես չեմ ասում, որ կանայք ու երեխաները պետք է գնային այնտեղ, յաթաղանը գար, մորթեր։ Դրա մասին չէ խոսքը, այդ էմոցիոնալ լոլոն, որը փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու։ Ես ասում եմ՝ բա էդ ո՞նց է ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրաննիկներով, ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում եւ տեղահանում։ Որ ասում էին՝ եկեք դատարկենք, այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, որ Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղն ի վերջո հայաթափեց։ Ասում են՝ բա մնային, կոտորվեի՞ն այդ մարդիկ, ասենք՝ դա տրամաբանակա՞ն է»։
Հարցի, թե, մնալով շրջափակման մեջ, Ադրբեջանի դեմ պայքարելու շանս կա՞ր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե շանս չկար, բա այս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ մեզանից մեծ է եղել, Հայաստան այն ժամանակ էլ է փոքր եղել։ Այնքան, ինչքան 2018 թվականից հետո Հայաստանն է օգնել, այն զենքերի, յուղը վերն զենքերի տեսանյութերը չեք տեսե՞լ։ Ալիեւի այդ օրինակները, որ Հայաստանը 1 մլրդ-ի, 2 մլրդ-ի, 3 մլրդ-ի, մենք հա ոչնչացնում էինք, իրենք հա զենք ունեին, բա այս բաները ո՞ւր մնացին։ 44-օրյա պատերազմի ժամանակ դուք գիտե՞ք մենք քանի տարբեր ինֆորմացիա ենք ստացել Ղարաբաղի այդ օրվա պաշտոնյաներից, զինվորականներից։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր 4-5 իրար հակասող ինֆորմացիա։ Վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր մեծամասամբ ճիշտ դուրս գալիս»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ