Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Բացման համերգը նվիրված էր Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։
Փառատոնի առաջին համերգը նշանավորվել է նաև համաշխարհային երկու պրեմիերաներով՝ Վաչե Շարաֆյանի Սինֆոնիա թիվ 4՝ «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական»՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը, ինչպես նաև՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Ջուն-Սան Պարկը (Հարավային Կորեա)։
Վաչե Շարաֆյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից է։ Նա հեղինակ է երաժշտաթատերական, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում գրված 100-ից ավելի ստեղծագործության։ Շարաֆյանի ստեղծագործությունները բազմիցս արժանացել են միջազգային մամուլի ուշադրությանը։ Վաչե Շարաֆյանը նշում է, որ Թիվ 4 սինֆոնիան գրել է 2023 թվականին։ Ստեղծագործությունը լի է Շնորհալու ներկայությամբ ու աղոթքներով։
Կարդացեք նաև
Երիտասարդ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը, նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայանալու այս փառատոնի շրջանակներում. «Ինձ համար խորհրդանշական է, որ իմ առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու եմ այս հրաշալի նվագախմբի հետ»։ Կոմպոզիտորի տեղեկացմամբ՝ 3 մասից բաղկացած կոնցերտն ինքը գրել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Այն, հեղինակի բնորոշմամբ, հայրենասիրական գործ է՝ հագեցած հայկական թեմաներով, հայկական լադերով։
Քրիստինա Առաքելյանը բնակվում է Լոնդոնում, իր գործունեությունն է ծավալում որպես դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանում։ Քրիստինա Առաքելյանն ընդգծում է, որ հրաշալի կրթություն է ստացել հայրենիքում, ինչով մեծապես հպարտանում է։ Այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորությունում։ Նրա ստեղծագործությունները կատարվում են տարբեր նվագախմբերի կողմից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ փառատոնի շրջանակներում ներկայացվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստը, հնչեցվում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դրանք ներկայացվում են նաև հայտնի մեդիահարթակներում, որպեսզի հասանելի դառնան օտարազգի երաժշտասերներին։ 16 տարիների ընթացքում թվայնացվել է ավելի քան 120 սիմֆոնիկ ստեղծագործություն, փառատոնի շրջանակում անդրադարձ է եղել 300-ից ավելի ստեղծագործության և ավելի քան 90 կոմպոզիտորի։
Հայկական մշակութային կյանքում իր տեսակով բացառիկ այս փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Շուրջ 16 տարի փառատոնն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ