«Ամենամեծ ռիսկն այն է, երբ Հայաստանը համաձայնում է առանց միջնորդների երկկողմ բանակցել։ Այստեղից գալիս են բոլոր ռիսկերը՝ երկկողմ բանակցություն հաղթողի եւ պարտվողի միջեւ, բնականաբար միշտ լինելու է թելադրանքի լեզվով։ Ես մինչեւ հիմա չեմ տեսել, որ Թուրքիան ու Ադրբեջանը որեւէ տեղ հրաժարվեն կորիդորային իմաստով կապից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ իրենց ասածներն ավելի շուտ են իրականանում, քան հայկական կողմից հնչող հավաստիացումները։ «Ինձ շատ մտահոգում է այն, որ նրանք այնտեղ ասում են՝ միջանցք, այստեղ նախապատրաստում են, որ մենք միջանցք չենք տալու, բայց թուրքերն ու ադրբեջանցիները՝ միեւնույն է, դա միջանցք են անվանելու։ Պարզապես ուզում է մեր զգոնությունը բթացնի, որ մենք միջանցք չենք տվել, բայց դե թուրքերն ասում են՝ միջանցք, ոչինչ»,- ասաց նա։
Ըստ Ռուստամյանի՝ հեռակա կարգով հասկանալի է, որ Փաշինյանի պնդումներն Ադրբեջանի համար անընդունելի են։ «Ուրեմն իրենք փորձելու են իրենց ուզածը ռեժիմի առումով ստանալ այնպես, որ դա դառնա անխոչընդոտ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխում»,- հավելեց նա։
Ռուստամյանն ասաց, որ այս իշխանությունները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց եւ հասկանա, թե այս իշխանությունների արածի հետեւանքը որն է լինելու։ «Մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության։ Կարծում եմ՝ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ խաղաղություն կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան, որը մեզնից պահանջում է, որ Ցեղասպանությունը մոռանանք։ Այսինքն՝ մենք այսօր ցեղասպանին հանձնվում են, որ ստանանք իր երաշխիքը։ Ոնց որ գառին հանձնես գելին»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ցույց տան, որ պատրաստ են Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել։ Բայց այդ պահանջները վերջ չունեն, այդ պահանջների վերջն այն է, որ իրենք չեն ուզում, որպեսզի այստեղ հայկական գործոն պահպանվի։ Հայ տեսակի, հայ ինքնության հետ խնդիր ունեն նրանք, հայկական հետքն են ուզում ամբողջությամբ վերացնեն։ Արեւմտյան Հայաստանում դա արել են, հիմա էլ Արցախում են սկսել հայերի հետքը վերացնել։ «Երբ մեր ժողովուրդը հասկանա, որ գնալով այս իշխանությունների գծած ուղիով՝ մենք գնում ենք ամբողջությամբ մեր ինքնությունը, մեր հայկական գործոնը վերացնելու ճանապարհով, ես վստահ եմ, որ այդ գենը մեզ մոտ չի մեռել, կարթնանա։ Այդ հիշողությունը մենք գենետիկորեն ունենք, սրա վրա է մեր հույսը, որ ժողովուրդը գիտակցի։ Կամաց-կամաց սկսել են հասկանալ, որ Փաշինյանը թուրքերի ասածն է անում»,- նշեց նա։
Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ ճիշտ է, իրենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիոն են համարում, բայց վիճակն այնքան է վատանում, որ նախորդն ավելի լավ է, քան հաջորդը։ Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաթեթով իրականացնելը կարող է շատ բան վերականգնել, օրինակ, արցախցիների վերադարձի հարցը լուծել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ