«Երկու կողմից էլ էս թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր։ Մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ այս օրենքը եթե ընդունենք, ՀՀ-ն կփրկվի, երկրորդ կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ եթե օրենքն ընդունենք, ՀՀ-ն կկործանվի։ Ճշմարտությունը ոչ մեկի և ոչ էլ մյուսի մեջ է, այլ ոսկե միջինի հայտնի տրամաբանության մեջ»,- հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներին և քննադատություններին։
Նա հորդորեց դադարել փրկիչներ որոնել։ Խորհրդարանական ընդդիմության որդեգրած քաղաքականության մասին էլ ասաց․ «Այն, ինչ անում է խորհրդարանական ընդդիմությունը, հայտնի իրենց բանաձևի մասին է։ Դա դասական Կիկոսի մահի սինդրոմն է։ Դուք Կիկոսի մահի սինդրոմով փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը, նաև այս օրենքի տրամաբանության մեջ։ Դուք աշխարհաքաղաքական բայղուշության տեսլական եք կառուցում և ասում մեր ժողովրդին՝ եթե էս կողմ, էն կողմ անենք, սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, մեզ կպատժեն։ Գնում, հին, կոտրած տաշտակի մոդելը դնում եք սեղանի վրա»։
Հայկ Կոնջորյանը նաև վստահեցրեց՝ տնտեսական իրողությունները չեն փոխվում առանց քաղաքական որոշումների․ «Որ ասում եք՝ անհամաչափ տնտեսական կախվածություն, մենք էլ ենք ասում։ Տնտեսությունը ևս դիվերսիֆիկացիայի կարիք ունի, և դրա համար անհրաժեշտ են նաև քաղաքական որոշումներ և փոփոխություններ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ