«Դա նման է նրան, որ ամուսինն ասում է կնոջը՝ հարևանի կինն ավելի լավն է, 450 միլիոն ունի, դու ընդամենը 180 միլիոն, գնում եմ իր մոտ, բայց քանի դեռ չի ասել՝ արի, ես կլինի՞ մոտդ մնամ։ Պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի այդ ամուսնու կամ կնոջ հետ»,- ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության մասին խոսելով՝ այսպիսի համեմատություն արեց։
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ սա մի խայտառակ բլեֆ է․ «Ընտրությունների նախաշեմին պարոն Զեյնալյանն ու իր կուսակիցները և այդ ուղղության կուսակցությունները մտածում են՝ ինչպես մասնակցել ընտրություններին և որոշեցին տեղավորվել արևմտամետ, եվրոպական անձրևանոցի տակ։ Բայց սխալվեցին, քանի որ ՔՊ-ն ու Փաշինյանը ձեզ այդ յուղոտ պատառը չէին տա, խլեցին ձեզնից։ Խնդիրն այն է՝ դուք սկսեք, մենք կտանենք։ Եթե ՔՊ-ն ու Փաշինյանն իրոք ուզեին գնալ ԵՄ, կսկսեին ԵՄ գնալու գործընթաց, ճիշտ այնպես, ինչպես գրված է ՀՀ օրենսդրության մեջ։ Փոխարենը մի հատ ոչ մի բան չասող թուղթ եք բերում, ասում՝ սա քաղաքական ուղերձ է։ Է, գնայիք, էդ ուղերձը հղեիք։ Սա բլեֆ է, քանի որ Փաշինյանը և Քաղպայմանագիրը ձախողել են իրենց բոլոր խոստումները»։
Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Սա ձեզ խաբելու խայծ է, իրենք չեն էլ գնահատել։ Իրենք էլ գիտեն, որ սա մի մեծ քաղաքական բլեֆ է։ Ես ձեզ կոչ եմ անում հաջորդ ընտրություններից առաջ, եթե ձեզ ասեն՝ գնում ենք դեպի Եվրոպա, բոնժուղ, գալիս ենք, մի հատ հանեք էն բոլոր ձախողումները, որոնք այս իշխանություններն արձանագրել են Եվրոպայի հետ հարաբերություններում և դեպի եվրոպականացում գնացող՝ իրենց քաղաքականության մեջ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ